Անվճար համերգներ

18:36 | Փետրվար 10, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

"Գագիկ Ծառուկյան" հիմնադրամը սկսում է դասական և հոգևոր երաժշտության աջակցության ծրագիր:

Երևանի պետական կամերային երգչախմբի և "Գագիկ Ծառուկյան" հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում կֆինանսավորվի կամերային երգչախմբի համերգների շարք, որտեղ կհնչեն հայկական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, հոգևոր գործեր, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:


" Կա երկու ճանապարհ` կամ նստել ու անընդհատ բողոքել, որ մեր մշակութային կյանքը ճահճանում ու դեգրադացվում է, կամ կոնկրետ քայլերով փոխել իրականությունը: " Ծառուկյան" հիմնադրամը, բնականաբար, ընտրում է երկրորդ ճանապարհը: Մենք ունենք փայլուն երգչախումբ, փայլուն կատարողներ, լավ դահլիճներ ու լավ ունկնդիր: Մենք չենք կարող այլոց նման միայն լացել ու բողոքել: Գ. Ծառուկյանը խոստացել էր, որ կաջակցի բոլոր լավ նախագծերին ու նա իր խոստմանը, ինչպես միշտ մնում է հավատարիմ",-ասում է ծրագրի համակարգող Էլինար Վարդանյանը:

Առաջիկա համերգների ընթացքում կմատուցվի ժողովրդին հոգեհարազատ, բայց մի փոքր մոռացության տրված երաժշտություն, որի միջոցով փորձ կարվի սերմանել բարձր երաժշտական ճաշակ, կրթել արվեստասեր և բարձրաճաշակ սերունդ, հասարակության լայն շերտերին հաղորդակից դարձնել հայկական մշակույթի իրական ձեռքբերումներին:

Որևէ տոմս չի վաճառվելու: Բոլոր ֆինանսական հարցերը հիմնադրամը վերցրել է իր վրա: Հրավիրատոմսերը նախատեսված են տարբեր սոցիալական խավերի և տարբեր տարիքային խմբերի համար:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100