«Ա1+»-ը կդիմի մարդու իրավունքների Եվրոպական դատարան

19:46 | Փետրվար 10, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ա1+» հեռուստաընկերությունը 20 օրվա ընթացքում կդիմի վճռաբեկ դատարան: Ընկերությունն այս անգամ կբողոքարկի վարչական վերաքննիչ դատարանի որոշումը, որով ուժի մեջ է մնացել ՀՌԱՀ 2010թ. դեկտեմբերի 16-ին «Ա1+» հեռուստաընկերությունը եթերից զրկելու վճիռը:

«Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կրկնում է նույն պատճառաբանությունները, նույն բառերով, նույն արտահայտություններով, որոնցով «հիմնավորվել» է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը»,-«Ա1+»-ին մեկնաբանեց «Մելտեքս» ՍՊԸ՝ «Ա1+» ՀԸ շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Ալեքսանդր Սահակյանը:

Ըստ փաստաբանի, «Մելտեքս» ընկերության ներկայացրած բողոքում վերաքննիչ վարչական դատարանը ընդհանրապես չի անդրադարձել և հաշվի չի առել շատ հանգամանքներ և մեկնաբանություններ:

Ալեքսանդր Սահակյանը քիչ հավանական է համարում, որ 2002 թվականից մինչ օրս իրավունքների վերականգնման համար պայքարող «Ա1+»-ը ներպետական ատյաններում կկարողանա արդարության հասնել: Ինչպես նախկինում մերժված հայցերի, այնպես էլ այս մեկի դեպքում «Ա1+»-ը կդիմի Մարդու իրավունքների եւրոպական դատարան:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100