Հայաստանի բնակլիմայական պայմաններում ձմռան ձյունը հեքիաթային այցելության նշանակություն ունի հատկապես Երեւանի բնակիչների համար։ Սակայն վերջին օրերին տեղացող առատ ձյունը վայելելու բերկրանքը ստվերել է սառցադաշտի վերածված մայթերի պատկերը՝ մարդիկ, հատկապես երեխաներն ու մեծահասակները հայտնվել են ոտ ու ձեռք ջարդելու վտանգի տակ։ Վերջին օրերին քաղաքի հիվանդանոցներում հաճախացել են կոտրվածքներով հիվանդների ընդունելության դեպքերը։
Երեւանի կենտրոնական մայթերը սառույցից ազատելու համար այսօր թաղապետարանը գործի էր դրել «Կենտրոն մաքրություն» ՍՊԸ կանանց։
Որտեղ եւ ինչո՞վ էին զբաղված կազմակերպության տղամարդիկ, եւ կա՞ն արդյոք նրանք, չկարողացանք պարզել, իսկ ահա կանայք երկաթե ձողերով կոտրում էին Մելիք- Ադամյան փողոցի մայթի սառույցները։
«Մեր աշխատանքն է, պարտավոր ենք անել, որ բնակիչները անցնեն չլինի թերություններ, մարդիկ ընկնում են, ոտքն են ջարդում, ձեռք են ջարդում։ Մեր ձմեռային աշխատանքը այսպես է»,- «Ա1+»-ի թղթակցին բացատրեց «Կենտրոն Մաքրություն» ՍՊԸ աշղեկ Գյուլիզար Շամոյանը։
Մեր հարցին՝ որքանո՞վ է ճիշտ սառույցը երկաթով կոտրելն ու արդյո՞ք դա չի վնասում մայթերի սալիկները, տիկին Շամոյանը պատասխանեց.
«Օրինակ՝ կառավարության դեմը չենք խփում երկաթով, որ մարմարի քարերը չջարդվեն, բայց սա բազալտ է, կարելի է, ասֆալտին՝ կարելի է»։
«Կենտրոն Մաքրություն» կանանց բրիգադի աշղեկը ասաց, որ իրենք ստիպված չէին լինի նման աշխատանք կատարել, եթե այս հատվածում աղ ցանելը վտանգավոր հետեւանքներ չունենար:
«Աղը ցանում ենք, փչացնում է, ծառերի բներն է լցվում, փչացնում է»,- բացատրեց տիկին Շամոյանը։
Նա ասաց նաեւ, որ Կենտրոն համայնքում 100-ից ավելի կանայք են ներգրավված այս աշխատանքներում։ Ամենատարեց կինը, որը երկաթե ձողով սառույց էր ջարդում՝ 75 տարեկան էր, ամենաերիտասարդը՝ 25։
Որքան աշխատանքը էլ ծանր է, նրանք չեն հրաժարվում, ասում են, որ այլընտրանք չունեն։

