Հայաստանի Շուրջ 800 քաղաքացիներ տարիներ շարունակ փոխհատուցում չեն ստանում աշխատանքի ընթացքում առողջությանը հասցված վնասների համար:
Նրանցից շուրջ 100 հոգի քաղավիացիայի նախկին աշխատակիցներ են, որոնք այսօր Մարդու իրավուքների պաշտպանի մոտ էին։ 2003-ին լուծարված «Հայկական ավիաուղիները» իրավահաջորդ չի թողել եւ մինչ օրս գտնվում է սնանկացման գործընթացում։
1992թ. Կառավարության որոշումներից մեկի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտավորություններն իր վրա է վերցնում պետությունը։ 2004-ին Կառավարության մեկ այլ որոշմամբ այս դրույթն ուժը կորցրած է ճանաչվել, եւ աշխատանքի ընթացքում հաշմանդամ դարձած կամ զոհված մարդկանց փոխհատուցման հարցը բաց է մնացել։
Մարդու իրավուքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը խնդրի լուծման երկու տարբերակ է նշում։
«Այն դեպքում, եթե լուծարված իրավաբանական անձը իրավահաջորդ չունի, նրա պարտավորությունների կատարումն իր վրա պետք է վերցնի պետությունը, պետական բյուջեի միջոցներից փոխհատուցում տրամադրելով, կամ պետք է ստեղծի այնպիսի սոցապահովության համակարգ, որը կապահովի համապատասխան անձանց իրավունքները», - նշեց ՄԻՊ տեղակալը։
Նա ընդգծեց, որ աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգ ստեղծելու պարտավորությունը պետությունը ստանձնել է նաեւ միջազգային հանրության առաջ՝ ստորագրելով «Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան» եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ «Արտադրական պատահարների դեպքում աշխատողների փոխհատուցման կոնվենցիան»։
Նրա խոսքերով, սակայն, պետությունն այս ընթացքում չի ստեղծել սոցիալական ապահովության համակարգը, ոչ էլ պետբյուջեի միջոցներից է վճարել նախկինում մարդկանց կյանքին եւ առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը։
«Այս առումով կա որոշակի անգործություն՝ կառավարության կողմից»,- փաստեց Գենյա Պետրոսյանը։
Ըստ ՄԻՊ տեղակալի, մարդիկ չեն կարող նաեւ իրենց խախտված իրավունքը վերականգնել դատական կարգով։ «Ոլորտն օրենսդրությամբ կարգավորված չէ, հետեւաբար՝ չկա նաեւ օրենքի խախտում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։
Իսկ մինչ այդ, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը քաղավիացիայի վետերաններին խոստացավ եւս մեկ՝ հավանաբար վերջին անգամ Կառավարությանը հիշեցնել նրանց գոյության մասին: Նա հայտնեց նաեւ, որ այս պահին ՄԻՊ գրասենյակում մշակվում է խնդրի համակարգային լուծման փաթեթը:

