Փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ոստիկանության և փաստաբանների պալատի միջև համագործակցության մասին:
Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության՝ Վլադիմիր Գասպարյանն ու Ռուբեն Սահակյանը ներկայացրին ձեռնարկի շարժառիթները, խնդիրները և համագործակցության հեռանկարները:
Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել և կյանքի է կոչվելու իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կատարելագործման, ոլորտում արդարության հաստատման և պատկան մարմինների հանդեպ հանրային վստահության ամրապնդման նպատակով:
Վլադիմիր Գասպարյանը Հուշագրի դրույթների կիրարկումը գնահատելով որպես քաղաքացիների, հասարակության հայացք` նշեց, որ փոխգործակցությունը բերելու է ոստիկանության գործունեության որակական փոփոխության:
«Մեր հասարակությունը արդարության դեֆիցիտ չի հանդուրժում,- ընդգծեց ոստիկանության պետը:- Իսկ երբ քննիչը, փաստաբանը արդարամիտ են և ծառայում են օրենքին, մենք ունենում ենք անուն, ինքնասիրություն և կարողանում ենք ուղիղ նայել միմյանց և քաղաքացու աչքերին»:
Հուշագրով նախատեսված են նորմատիվ իրավական ակտերի համատեղ մշակում ու ներկայացում իրավասու մարմիններին, արագ արձագանքման միջոցառումներ, վարքագծի կանոնների ապահովում, սեմինարներ, քննարկումներ, գրականության փոխանակում, դիտորդական առաքելության իրականացում:
Համագործակցությունն իրականացնելու նպատակով գործելու է վեց անդամից բաղկացած հանձնախումբ, որը կատարված աշխատանքի մասին կես տարին մեկ հաշվետվություն կներկայացնի Պալատի նախագահին և Ոստիկանության պետին:
Հանձնախումբն իրավասու է նաև անհրաժեշտության դեպքում հասարակության առջև հանդես գալու հայտարարությամբ: Խնդիրն, ամեն դեպքում, ոլորտի գործընթացների թափանցիկության ապահովումն է, ինչը, կողմերի համոզմամբ, բխում է և՛ քաղաքացիների, և՛ ոստիկաննների ու փաստաբանների մասնագիտական շահերից:
Ոստիկանության և փաստաբանների պալատի ղեկավարները վստահեցրին, որ հետևողական են լինելու աննախադեպ այս ձեռնարկն իրականություն դարձնելու և քաղաքացու իրավունքներն ու շահերը համատեղ ուժերով պաշտպանելու գործում:
«Քայլը առաջադիմական է,- հավաստեց Վլադիմիր Գասպարյանը,- և մենք տեր ենք մեր խոսքին, օրենքի գերիշխանությանը, նրան, ինչին կոչված ենք»:

