Այսօր Հայկական երաժշտական համաժողովի և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջև վավերացված հուշագրով սկիզբ դրվեց նոր մասշտաբային համագործակցության:
Համագործակցության շրջանակներում կկազմակերպվի կոմպոզիտորների մրցույթ, որտեղ երիտասարդ կոմպոզիտորները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Ստեղծագործությունները կլինեն կամերային երաժշտության բնագավառից:
«Սա ուղղված է երկրի երաժշտական կյանքում աշխուժություն մտցնելուն: Ցանկացած ստեղծագործող անձ պետք է հնարավորություն ունենա ինքնաարտահայտվելու և գնահատվելու: Մենք ունենք բազմաթիվ երիտասարդ շնորհաշատ կոմպոզիտորներ, որոնք ունակ են ստեղծելու ժամանակակից հետաքրքիր և արժեքավոր գործեր: Սակայն վերջին տարիներին չեն կազմակերպվում այնպիսի միջոցառումներ, որոնք երիտասարդներին ինքնադրսևորվելու հնարավորություն կընձեռեն:
Ավելին, այդպիսի հնարավորությունների բացակայությունը նպաստում է, որպեսզի երիտասարդները փորձեն դրսևորվել այլ երկրներում»,- ասում է " Ծառուկյան" հիմնադրամի "Հեռանկար" ծրագրի համակարգող` Էլինար Վարդանյանը:
Կամերային երաժշտության բնագավառում երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ անցկացնելու նպատակն է լրացնել այդ բացը, և մրցույթի միջոցով հնարավորություն ընձեռել նոր բացահայտումների, դառնալ խթանիչ գործոն` երիտասարդ կոմպոզիտորների համար` զարգացնելու և խորացնելու հայ ժամանակակակից երաժշտական արվեստը:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` ընտրական և եզրափակիչ: Ընտրական փուլում ներկայացաված ստեղծագործությունները կուսումնասիրի պրոֆեսիոնալ ժյուրին: Հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհնչեցվեն գալա համերգի ժամանակ:

