Դատավորը ծեծե՞լ է ու մնացել անպատիժ

19:42 | Փետրվար 08, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի դատավոր Արման Թովմասյանի եւ դատարանի 4 կարգադրիչների կողմից ծեծեի ենթարկված Աշոտ Հարությունյանի հայրը որդու փոխարեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Սամվել Հարությունյանը կարծում է, որ հատուկ քննչական ծառայության քննիչը ոչ թե բացահայտել իր որդու նկատմամբ կատարված հանցագործությունը, այլ կոծկել:

«Խուլ են, լալ են, կույր են»,- գործի քննությունը վրդովված բնութագրեց տուժածի հայրը։

Հիշեցնենք, որ Աշոտ Հարությունյանին 2010թ. նոյեմբերին Ստեփանավանի դատարանի վարչական շենքի բակում դատավոր Արման Թովմասյանը եւ դատարանի կարգադրիչները ծեծել են միայն նրա համար, որ Աշոտը խանութում չի ճանաչել եւ դատավորին չի զիջել իր հերթը: Ծեծի ենթարկվելուց հետո էլ Աշոտ Հարությանյանը կալանավորվել է եւ պահվել անազատության մեջ:

Խնդիրն իրավական տեսանկյունից ներկայացրեց նրանց փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը՝ «Քննիչը դատավորին հարցրել է՝ դուք ծեծե՞լ եք Աշոտ Հարությունյանին, դատավորն էլ թե. ոչ, խնդրում եմ ինձ այլեւս հարցեր չտաք։ Այդքանով էլ ավարտվել է ՀՔԾ-ում դատավորի հարցաքննությունը»։

Ըստ փաստաբանի՝ որքան էլ հարցաքննությունը ձեւական է եղել, քննիչը պարտավոր էր եւս մեկ հարց ուղղել քաղաքացուն ծեծած դատավորին. «Պետք է հարցներ՝ իսկ դուք սուտ մատնություն կատարե՞լ եք Աշոտ Հարությունյանի նկատմամբ»։

Դատաախազ Հարություն Հարությունյանն այսօր վերաքննիչ դատարանին առաջարկեց մերժել ծեծված քաղաքացու հոր ներկայացրած բողոքը եւ հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի։

Դատական նիստը կշարունակվի փետրվարի 16-ին։ Իսկ փետրվարի 14-ին Աշոտ Հարությունյանի հարազատները պատրաստվում են եւս մեկ անգամ հավաքվել նախագահական նստավայրի առջեւ եւ արդարություն պահանջել։
«Իմ որդու վրա համաներումը տարածվել է, սակայն ես մտածում եմ նաեւ մյուսների մասին, դա կարող է պատահել ցանկացած մարդու հետ», -ասաց դատավորից ծեծվածի հայրը։

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի դատավոր Արման Թովմասյանի պաշտոնը դեպքից հետո բարձրացրել են։

 

 

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100