Բնունիս գյուղի որսորդը՝ 40-ամյա Մանվելը սպանել է գյուղ մտած հերթական գայլին:
Սիսիանի տարածաշրջանի Բնունիս գյուղը վերջին շրջանում հաճախ է գազանների հարձակման թիրախ դառնում: Գայլերը ոչխարներին եւ մոզիներին են վնաս հասցնում, աղվեսները՝ փախցնում գյուղի հավերն: Բնունիսի համայնքի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանի տեղեկատվությամբ՝ վերջին 2 տարիների ընթացքում գիշատիչների կողմից բնունիսցիներին հասցված վնասը կազմում է 4-5 մլն դրամ:
«Մոտ 80-ից 100 գլուխ մանր եղջերավոր անասուն, 10-15 հատ էլ մոզի են կերել: Աղվեսների հացրած վնասն ավելի մեծ է, որ սուտ չլինի, գյուղի 280-300 թեւ թռչուն աղվեսի բաժին են դարձել»,- տեղեկացնում է գյուղապետը:
Որսկան Մանվելը գայլերի համար թակարդ է պատրաստել` գիշատիչների լեշերով՝ կապել է իրար եւ ամրացրել հողին: Հիմնականում հենց այստեղ են գալիս գիշատիչները: Գայլեր, աղվեսներ, չախկալներ... Մանվելը չի էլ հիշում, թե վերջին 2 տարվա ընթացքում քանի փամփուշտ է արձակել։ «2011թ.-ին 14 գայլ ա խփել»,- հիշեց գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Իսկ որսկան Մանվելը գիտի, որ գայլերը գյուղ են մտնում մութն ընկնելուն պես: Բնունիսում գրեթե շուն էլ չի մնացել,- ասում է Մանվելը, գայլերը դրանց կապած տեղից էլ են տանում:
40-ամյա որսորդը կես կատակ կես լուրջ ասում է` գայլերից չի վախենում, վախենում է կաքավից ու նապաստակից, որոնք երբեմն անակնկալ հայտնվում ու փախչում են։ «Գայլերը հարձակվում են թույլերի` մեծահասակների, երեխաների վրա: Ուստի խորհուրդ եմ տալիս առանց ֆանարիկի, մենակ տնից դուրս չգալ, գայլերը վախենում են լույսից»,- ասում է Մանվել Վարդանյանը:
Սիսիանի որսորդների եւ ձկնորսների միության նախագահ Վալերիկ Գեւորգյանի տեղեկատվությամբ` գայլերի հարձակումը տարածաշրջանի գյուղերի վրա հաճախակի է դարձել: Ըստ նրա, բոլոր գյուղերում էլ որսորդներ կան եւ անհրաժեշտության դեպքում կկանխեն գայլերի հարձակումը:

