«Անհապաղ դադարեցնել Չինաստանից Հայաստան ներկրվող ավտոբուսների գործարքը եւ ներկրել Ֆրանսիայից»,- «Սպառողների ասոցիացիան» այսպիսի պահանջով բաց նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին։
«Չինական ավտոբուսը նույնիսկ Բաղրամյանի վերընթաց ճանապարհը չկարողացավ բարձրանալ եւ ստիպված երթուղին փոխեցին այլ ուղղությամբ, որպեսզի կարողանա ընթանալ։ Անհամեմատ ավելի բարձր որակ ունեն եվրոպականներ, ասենք՝ ֆրանսիականները, որոնք նաեւ մինիմալի հասնող արտանետումներ ունեն»,- «Ա1+»-ին ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա համար ցավալին այն է, որ թեեւ Երեւանի Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության հետ հանագործակցության մասին պայմանավորվածության, իրեն չեն տեղեկացնում ներկրման պայմաններին։
«Կայքում պայմանները տեղադրված չեն՝ գինը, չափսերը, մեզ ձեռք չի տալիս միջին տարողության ավտոբուս։ Եթե ավտոբուսի սրահում երկուսից ավելի մարդ է կագնած լինում, շարժվել չի լինում։ Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե վաղը ինչո՞վ ենք երթեւեկելու, ո՞րն է պայմանը։ Եթե թաքցնում են, ուրեմն արդեն վատ է»,- եզրակացնում է Արմեն Պողոսյանը։
Ավելացնենք, որ Չինաստանից արդեն ներկրվել է 139 ավտոբուս եւ առաջիկա օրերին սպասվում է մյուս խմբաքանակի ներկրումը։
Իսկ թե ինչո՞ւ ավտոբուսները պետք է ներկրել Ֆրանսիայից, Սպառողների ասոցիացիայի նախագահը ունի իր բացատրությունը. «Ֆրանսիան հարվածի տակ դրեց, զոհաբերեց Թուրքիայի հետ 13,5 մլրդ եվրոյի տնտեսական հարաբերությունները, որպեսզի անցկացնի պառլամենտում այն որոշումը, որը հայ ժողովրդին անհրաժեշտ էր»։

