Փետրվարի 3-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Մկրտչյանին, որը 2008 թ. հոկտեմբերի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, այն է՝ գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Խափանման միջոցը` կալանք:
Հյուրընկալվել ու գողացել է
Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սերգեյ Բերակչյանին:
Պարզվել է, որ նա 2011 թ. հունիսին, հյուրընկալվելով Երևան քաղաքի Թումանյան փողոցի մի բնակարանում, այնտեղից գողացել է «Նոութ-բուք» համակարգիչ և բջջային հեռախոս:
Կատարվում է նախաքննություն:
Արվեստանոցի գողը բացահայտվել է
Փետրվարի 3-ին, ժամը 15.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով՝ Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր արվեստանոցից գողացել են 4 անիվ, համակարգիչ, 40.000 դրամ և գործիքներ:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը բերման են ենթարկել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ 1992 թ. ծնված Անդրանիկ Վ.-ն, խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:
Մարիխուանա՝ անձեռոցիկում
Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Հաղթանակ թաղամասի 9-րդ փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հովհաննես Գ.-ին, 1988 թ. ծնված Վահե Հ.-ին և 1972 թ. ծնված Արշակ Ե.-ին. վերջինիս մոտ հայտնաբերվել է անձեռոցիկի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,7 գ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Մեքենաները բախվել են
Փետրվարի 3-ին, ժամը 21.00-ին, մարմնական վնասվածքներով Աբովյան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 1990 թ. ծնված Կորյուն Արմենի Հ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է փետրվարի 1-ին՝ իր կողմից վարած «Տոյոտա ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենայով «Մերսեդես Ե-220» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես ՄԼ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Դեու-Նեքսիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մեծամոր-Արմավիր ճանապարհին
Փետրվարի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մեծամոր-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը, նրա ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ
Փետրվարի 2-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային սուր փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում և մարմնի ընդհանուր սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Սիրակ Տ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է սահնակով սահելու ժամանակ փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 3-ին պարզվել է, որ փետրվարի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սիրակ Տ.-ն փողոցում սահնակով սահելիս՝ բախվել է 1954 թ. ծնված Պավլիկ Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթից հետո վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

