«Առողջապահության 45%-ը ստվեր է»

16:57 | Նոյեմբեր 08, 2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային ասպարեզում ինքնորոշման իրավունքը վկայակոչող Հայաստանի իշխանությունը մոռացել է անհատ քաղաքացու սոցիալական ինքնորոշման իրավունքի մասին»,-Հայաստանում սոցիալական բարեփոխումների խնդրին նվիրված կոնֆերանսի ընթացքում այսօր հայտարարեց գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ներկայացուցիչ Մաթիաս Յոբելիուսը:

Նրա խոսքերով, սոցիալական բարեփոխումները որքան էլ թանկ նստեն կառավարությունների վրա եւ հարվածեն առանձին մարդկանց գրպաններին, այնուամենայնիվ, դրանք անհրաժեշտ են մարդու քաղաքական եւ սոցիալական ինքնորոշման ապահովման համար։

Կոնֆերանսի ընթացքում տեղի մասնագետները ներկայացրին բնակարանաշինության առողջապահության եւ մարդկանց զբաղվածության ոլորտներում առկա խնդիրները: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախկին նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի կարծիքով, Կառավարության ներկայացրած 7 տոկոսանոց գործազրկության մակարդակը չի արտացոլում երկրում տիրող իրական պատկերը։

«Եթե մարդը չի դիմում աշխատանքի տեղավորման գործակալություն, դա չի նշանակում, որ նա աշխատանք չի փնտրում», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Համբարձումյանը։ Ըստ նրա, միջազգային վիճակագրական կազմակերպություների առաջարկած մեթոդաբանության համաձայն՝ Հայաստանում գործազուրկ են աշխատունակ բնակչության 28%-ը։

Զբաղվածության խնդիրը լուծելու համար Արսեն Համբարձումյանը կառավարությանն առաջարկում է՝ մասնավորապես, ներմուծել պրոգրեսիվ եկամտահարկ եւ ըստ պահնաջված մասնագիտությունների պլանավորել բարձրագույն կրթությունը։

Առողջապահության բնագավառի մասնագետները ոլորտի կարեւորագույն խնդիրներից առանձնացրեցին այն, որ պետական բյուջեն առողջապահությանը հատկացված 62 մլն դրամով կարողանում է բավարարել հանրապետության առողջապահական կարիքների ընդամենը 40 տոկոսը։

Ոլորտում մասնագիտացած տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքերով, մնացած 60 տոկոսի ֆինանսավորումը կատարվում է ոչ պետական, իսկ երբեմն՝ ոչ օրինական աղբյուրներից։
«Շատ փոքր մասը մարդասիրական օգնություն է, մի մասը՝ կամավոր բժշկական ապահովագրություն, իսկ 45 տոկոսը՝ ստվերային վճարումների միջոցով է ձեւավորվում», - «Ա1+»-ին ասաց պարոն Արիստակեսյանը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100