Հոգու ճիչ, որ փորձում է լսելի դառնալ պարի միջոցով: Թերեւս այսպես կարելի է բնութագրել լուսանկարիչ Սվետլանա Անտոնյանի ստեղծագործությունները: Ֆոտոշարքը մի քանի օր ցուցադրվելու է Նկարիչների միությունում կազմակերպված «Մարմին` նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ: Երիտասարդ լուսանկարիչը շարքը կոչել է «Հոգմապար»: Նկարներում հիմնականում պատկերել է իրեն` կյանքի յուրօրինակ ընկալմամբ:
«Դրանցում ես եմ մերկ վիճակում: Էրոտիկ բաներ չկան, դա ուրիշ գեղեցկություն է: Երբ նայում ես նկարներին ոչ թե մարմինն ես տեսնում, այլ հոգին: Ցանկացել եմ ցույց տալ իմ հոգին իմ մարմնում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Լուսանկարչությունը ոչ միայն Սվետլանայի սիրած գործն է: Այն նաեւ օգնում է նույնասեռական հակումներով աղջկան դիմակայել հասարակության որոշ շրջանակների իր նկատմամբ անհանդուրժողականությանը: Ասում է, որ իր սեռական կողմնորոշվածության պատճառով աշխատանք չի կարողանում գտնել, թեեւ բարձրորակ բարմեն է, անընդհատ ակնարկներ է լսում իր հասցեին:
«Բոլորիս նկատմամբ խտրականություն է դրսեւորվում, հենց իմանում են ուղղվածության մասին` անմիջապես մերժում են»,-նշեց նա:
«Ես չեմ ուզեցել դառնալ տղա: Ուղղակի ինձ դուր է եկել տղաների խաղերը, հագուստը: Իմ հարազատները մինչ օրս ինձ համարում են հոգեկան հիվանդ, ասում, որ խնդիրներ ունեմ: Թեեւ մի մասն էլ հասկանում եւ ընդունում է ինձ»,-պատմեց Սվետլանան, որին յուրայինների շրջանում կոչում են Օկեան:
«Այս անունը պատահականորեն ընտրեցի, երբ ինտերնետի միջոցով շփվում էի մյուս նույնասեռականների հետ: Այդպես էլ անունս մնաց Օկեան»,-ասաց նա;
Սվետա-Օկեանը մեծացել է Հայաստանի գյուղերից մեկում, տատի մոտ: Մանուկ հասակից զրկվել է մորից: Իր սեռի ներկայացուցիչների նկատմամբ հակումները Սվետլանան նկատել է 8-րդ դասարանում, զգացել նաեւ անհնար սիրո ծանրությունը:
«Չէի կարող սիրածս աղջկան խոստովանել, քանի որ գիտեի` դա անընդունելի է իր համար»,-ասաց Սվետան:
Խնդրի մասին պատմել է միայն քրոջը, որն էլ փորձել օգնել, բայց մյուս հարազատների, համադասարանցիների ծաղրը Սվետային ստիպել են ինքնամփոփվել:
«Մոտ երկու տարի չէի շփվում հարազատներիս հետ, առանձնանում, գիրք էի կարդում ստեղծագործում: Նաեւ փորձում հասկանալ ուրիշներին: Հետո այդ ամենը անցավ»,-պատմեց նա:
Արդեն 7 տարի է, Սվետա-Օկեանը ապրում է Երեւանում, ԼԳՏԲ համայնքի անդամ է: Ունի շատ ընկերներ, սիրած աղջիկ, որի հետ էլ հաղթահարում է դժվարությունները:
Թեեւ առկա են շատ խնդիրներ, բայց Օկեանը փորձում է հասարակության լուսանցքից այն կողմ չլինել, պատրաստվում է նոր ցուցահանդեսների: Միակ ցանկությունն այն է, որ խտրականություն չդրվի, նպատակը` լավ գործ անել մարդկանց համար:
ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներ պնդում են, որ հայ հասարակությունը իրենց նկատմամբ ագրեսիվ է տրամադրված: Հիմնական պատճառ համարում են սխալ իրազեկությունը:
«Մենք հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ նախագահ Զարուհի Շուշանյանը դրանում տեսնում է այն, որ գրեթե չկան պետական, հասարակական կառույցներ, որոնք կաջակցեն մարգինալիզացված խմբերի ինտեգրմանը:
Ի դեպ, համայնքի շատ ներկայացուցիչներ չժխտեցին, որ շատ դեպքերում իրենք են թաքնվում եւ հասանելի չեն դառնում: Նախ վախենում են հրապարակայնացվելուց, հետո` նրանց մեծ մասի ընտանիքներում տեղյակ չեն նրանց անձնական կյանքից:
Մեր համաքաղաքացիների շրջանում «Ա1+»- ի հարցումները վկայում են, որ խնդրի հիմքում անհանդուրժողականությունը չի:
Ուսանողուհի Անի Կարապետյանը նշեց, որ չի կարողանում հանդուրժել համասեռականներին, բայց շփվել կարելի է: «Ուղղակի կարելի է որոշակի սահման դնել ու շփվել զուտ ընկերական, բայց ոչ անձնական»,-ասաց նա:
Գրող Անահիտ Սարգսյանը իր վերաբերմունքը հանդուրժողականության հետ չկապեց:
«Ես դեմ եմ ընդհանրապես, ամեն մարդ իր կյանքի տերն է, բայց գոյություն ունեն բարոյականության նորմեր: Մեր հասարակությունը պատրաստ չէ նրանց ընդունելու, քանի որ դա չէ նորման, այլ երկու սեռերի նորմալ կապը, որի արդյունքում երեխա է ծնվում» ,-նշեց նա:
Ի դեպ, 2003թ-ի ապրիլի 18-ին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներով ՀՀ քրեական օրենսգրքից ապաքրեականացվել է 1936 թվականից ՔՕ-ում գործող արվամոլությունը դատապարտող հոդվածը: Եթե նախկինում նույնասեռ սեքսուալ ակտի համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը:

