Թրաֆիքինգի ենթարկված Հայաստանի քաղաքացիների մեծ մասը տուժել է ոչ թե Թուրքիայում, այլ Արաբական էմիրություններում: Այնտեղ տարածված է հիմնականում սեռական շահագործումը:
«Որդեգրման եւ թրաֆիքինգի հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը:
«Այսօրվա դրությամբ թրաֆիքինգի զոհերի թիվը տարեկան 40-50 հոգուց ավել չէ: Հիմնական տեղ է գրավում սեռական շահագործումը՝ իր տարբեր դրսեւորումներով. ասենք՝ ստիպել են մերկապար պարել կամ մերկ նկարվել, ինչպես նաեւ՝ աշխատանքային շահագործումը ու մուրացկանությունը»,-նշեց նա:
Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարը սկսվել է 2002 թվականից: Ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել ու մշակել դրա դեմ պայքարի, զոհերի աջակցման մեխանիզմները, ընդլայնել իրազեկման դաշտը: Այս տարի ծրագիրը ստացավ նաեւ պետական աջակցություն:
Ըստ Ձյունիկ Աղաջանյանի` մտայնությունը, թե թրաֆիքինգի հայ զոհերն ամենից շատ Թուրքիայում են, սխալ է:
«Զոհերի թիվը ավելի շատ է Արաբական Էմիրություններում: Աշխատանքային շահագործում նկատվել է Ռուսաստանում: Այն երկրներում, որոնց հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, զոհերին հայտնաբերում ենք հասարակական, միջազգային կազմակերպությունների, եկեղեցու, ԱՄՆ դեսպանատան միջոցով»,- տեղեկացրեց Ձյունիկ Աղաջանյանը:
Թրաֆիքինգի ընդլայնման հիմնական պատճառ նա համարեց ընդունող երկրի տնտեսական վիճակի բարելավումը: Հայաստանը այս առումով եւս բացառություն չէ: Մեր երկրում ներքին թրաֆիքինգի առաջին դեպքը արձանագրվել է 2008 թվականին:
«Տնտեսական վիճակին բարելավմանը զուգահեռ՝ երկիրը ծագման երկրից դառնում է ընդունող երկիր, քանի որ կարողանում է ներսում սպառել այդ մարդկային ներուժը: Ներքին թրաֆիքինգ ասելով` նկատի ունենք ոչ միայն մեր երկիր բերվող աշխատուժի շահագործումը, այլեւ տեղում արձանագրված աշխատանքային շահագործումը»,-նշեց Ձյունիկ Աղաջանյանը:
Բանախոսի խոսքով, ծավալուն աշխատանքներ են ընթանում նաեւ զոհերի հայտնաբերման ուղղությամբ:
Վերջիններն, ի դեպ, աջակցություն ստանալու փոխարեն՝ գերադասում են թաքնվել, քանի որ մեր հասարակությունը հանդուրժող չէ:
Որդեգրելու համար երեխա չկա՞
Հայաստանում որդեգրման կարգից խոսեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Ելենա Հայրապետյանը: Ըստ նրա, մեր երկրում հաշվառված է որդեգրման ենթակա 70 երեխա, նրանցից ցավոք, միայն 15-ն են առողջ:
Բանախոսի խոսքով, իրենք նախապատվությունը տալիս են որդեգրելու ցանկություն հայտնած Հայաստանի քաղաքացիներին, սակայն հիվանդ երեխաների մեծ մասին որդեգրում են արտասահմանցիները: «Հայերը խուսափում են որդեգրել հիվանդ երեխաների: Արտասահմանցիներն էլ պարզում են` եթե երեխային հնարավոր է բուժել, նոր որդեգրում են: Նշենք, որ որդեգրման հետ կապված որեւէ գումար չի գանձվում»,- ասաց նա:
Մանկատներում այսօր եւս որդեգրում չի իրականացվում, քանի որ երեխաների մեծ մասի ծնողները նրանցից չեն հրաժարվել: Այսօր որդեգրելու ցանկություն ունեն մոտ 400 զույգ, սակայն Հայաստանում այդքան երեխա չկա: Ըստ Ելենա Հայրապետյանի՝ պատճառն այն է, որ երեխաների մեծ մասը 10 տարին լրացած է, մինչդեռ զույգերը ցանկանում են նորածինների: Վերջինների առումով էլ նա ընդգծեց, որ վերացվել է ծննդատներում ծնողի կողմից նրանց այլ անձի հանձնելու երեւույթը, որը կոչվում է իմիտացիա:
«Թե ներքին կարգով ինչպես են երեխային հանձնում զույգին, ինչպես են վերցնում նրա ծննդականը, սա այլ խնդիր է։ Այս ամենը կոչեք առք ու վաճառք, կոչեք թրաֆիքինգ, բայց` ոչ որդեգրում»,- հայտարարեց Ելենա Հայրապետյանը:
Բանախոսը նաեւ վստահեցրեց, որ իրենք պարբերաբար հաշվետվություն են ստանում արտասահմանցիների կողմից որդեգրված հայ երեխաների մասին, մինչեւ նրանց չափահաս դառնալը:

