Աշխատավարձը հասնում է 2 մլն դրամի՞

11:05 | Սեպտեմբեր 07, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շորժայի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը վստահեցնում է, որ համայնքը միակն է, որտեղ աշխատատեղի խնդիր չկա: Աշխատավարձերն էլ, ըստ նրա, այստեղ սկսում են 100-հազար դրամից հասնելով 2 մլն-ի դրամի:

«Այսօր աշխատուժի մեծ խնդիր ունենք, քանի որ լայն թափով աշխատում են մի քանի հիմնարկություններ, Երեւան-Շորժա երկաթուղին, նաեւ Շորժայի ու Ջիլի քրոմի և դունիտպերիդոտիտների հանքավայրերի շահագործման գործարանը»,- «Ա1+»-ին ասաց նա:

Համայնքի բնակիչները, սակայն, այլ բան պնդեցին: Այն, որ աշխատանք կա` նրանք չհերքեցին: Հարց է միայն, թե ովքեր են այդ աշխատատեղերը զբաղեցնում:

«Աշխատանք չենք կարողանում գտնել, քանի որ դրանք զբաղեցրել են գյուղապետի ծանոթները, ովքեր նույնիսկ այս համայնքում չեն էլ բնակվում: Հիմա էլ գործարկվում է հանքավայրերի շահագործման գործարանը եւ այդտեղ էլ աշխատելու համար առնվազն, պետք է նրա մտերիմը լինել»,- «Ա1+»-ին ասաց Շորժայի բնակիչներից մեկը:

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում ապրում է 225 ընտանիք, մեծամասամբ այստեղ զբաղվում են անասնապահությամբ: Գյուղում գործերն ավելի լավ են ընթանում հատկապես զբոսաշրջության սեզոնին, երբ արագ սպառվում է արտադրանքը: Գյուղում արտադրվող կաթն էլ մթերում են կաթի գործարանները: Այնինչ, գյուղացիներին ավելի շատ մտահոգում է այդ կաթի իրացման մեծածախ գինը:

«Կաթի մեկ լիտրը հանձնում ենք 100 դրամով, իսկ դա ավելի էժան է, քան կես լիտր հյութը կամ հանքային ջուրը»,-բողոքեցին Շորժայի բնակիչները:

Շորժայում առկա խնդիրներից առայժմ մնում են ճանապարհների բարեկարգումն ու մանկապարտեզի շենքի հարցը: Այս տարի համայնքի 25 երեխաներ կրկին ստիպված են մանկապարտեզ համարել փայտաշեն հին տնակը:

Մնացել են ջրի տակ

Իսկ մինչեւ Շորժա գյուղ մտնելը, հենց ավտոմայրուղուց նկատելի են կիսով չափ ջրի տակ անցած ափամերձ լողափերն ու հանգստյան տները: Սեւանին «կուլ են գնացել» նաեւ ափամերձ անտառների հարյուրավոր հեկտարներ: Լճում լողալու համար էլ նախ հարկավոր է հաղթահարել մամռակալած ափը: Ափամերձ փայտե տնակներից զրկված հանգստյան տներից մեկում, օրինակ, ջուրը ամբողջովին ծածկել է խաղադաշտը ու քիչ հեռու գտնվող ջրհան կայաններից մեկը:

«Սեւանը հիմա ավազանի ժողովրդի համար դարձել է չարիք: Ինչո՞ւ, որովհետեւ այսօր ափ չկա լողանալու, աղբի մեջ է, ձուկը վերջացել է, ամեն հանգստացողից հետո մի դիվիզիա է պետք, որ մաքրի, իսկ մենք չեն կարողանում գտնել միլիոններ, որ ափերը մաքրվեն»,-մտահոգությունը կիսեց Շորժայի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը:

Նման իրավիճակի պատճառ նա համարեց այն, որ ջրի մակարդակը բարձրացնելուց առաջ պատկան մարմինները չեն մաքրել ափերը, մինչդեռ կառավարությունը այդ նպատակով մեծ գումար է տրամադրել:
Նշենք, որ Սեւանի ջրի մակարդակը տարեցտարի աճում է, եւ ըստ «Սևանի մասին» օրենքի առաջիկա 20 տարում նախատեսվում է այն 1900,1-ից հասցնել 1903,5 մետրի:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100