Ջրամատակարարման համակարգի հիմնական վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Սեւ ծովի ափին տեղակայված Փոթի քաղաքի բնակչությունը դեռեւս գրաֆիկով է ջուր ստանում:
Լաշա Զարգինավա, Կովկաս
Վրաստանի արեւմուտքում գտնվող Փոթի քաղաքում 5 ամիս առաջ պաշտոնապես գործարկվեց շուրջօրյա ջրամատակարարման համակարգը, սակայն բնակչությունը ջուր ստանում է 2-3 օրը մեկ, այն էլ`մի քանի ժամով:
50 հազար բնակչություն ունեցող Փոթին գտնվում է Սեւ ծովի ափին. այստեղ են տեղակայված Վրաստանի ամենամեծ նավահանգիստը եւ ազատ արդյունաբերական գոտին: Այնուամենայնիվ, քաղաքը տարիներ շարունակ ստիպված է եղել սպասել շուրջօրյա ջրամատակարարման համակարգի տեղադրմանը:
Ապրիլի 7-ին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տեսախցիկների ուղեկցությամբ այցելեց Չելիձեների ընտանեկան բնակարան եւ հանդիսավորությամբ բացեց ջրի ծորակը`նախանշելով շուրջօրյա ջրամատակարարման սկիզբը:
«Սա պատմական իրադարձություն է: Նման բան չի եղել քաղաքի հիմնադրման օրվանից կամ կոմունիստների օրոք: Մեր ընկերների հետ միասին կարողացանք լուծել մի խնդիր, որի լուծման վրա անգամ ես էի կասկածում», - հայտարարել էր Սահակաշվիլին:
Սակայն քաղաքի ջրամատակարարման խնդիրն իրականում չի լուծվել:
Անմիջապես այս արարողությունից հետո պարզվեց, որ Չելիձեների ընտանիքը, քաղաքի մյուս բնակիչների նման, ստիպված պետք է լինի կրկին գրաֆիկով մատակարարվող ջուր ստանալ:
«Ջուր ունենում ենք երկու օրը մեկ, այն էլ`մի քանի ժամով», - ասում է փոթեցի Մուրման Նաչկեբիան:
Ջրի որակը նույնպես լավը չէ:
«Տարի չի անցնում առանց աղիքային վարակների`տիֆի, դիզենտերիայի եւ ջրի միջոցով փոխանցվող այլ հիվանդությունների: Այս տարի եւս հիվանդության բռնկումներ են եղել քաղաքի տարբեր հատվածներում», - նշում է համաճարակաբան եւ Փոթիի սոցիալական առողջապահության խորհրդի ղեկավար Լեյլա Կասրաձեն:
2004-ին իշխանությունները հայտարարեցին, որ կզբաղվեն ջրամատակարարման խնդրով, եւ քաղաքային խորհուրդը մանրամասն տեխնիկական հետազոտություն անցկացնելու նպատակով դիմեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, որն ավարտեց իր աշխատանքները 2006-ին:
Ջրամատակարարման համակարգի նախագծի բյուջեն կազմել է 27 միլիոն լարի (15 միլիոն դոլար) եւ մասամբ ֆինանսավորվել է արտասահմանյան վարկերի եւ դրամաշնորհների, մասամբ էլ պետական միջոցների հաշվին: Նախագծի շրջանակներում նոր ջրամբար է կառուցվել, որը կցվել է հիմնական ջրամատակարարման համակարգին:
Նախագծով նախատեսված չի եղել վերանորոգել քաղաքի խարխուլ ջրամատակարարման համակարգը, որը մեծ քանակությամբ ջուր է բաց թողնում, եւ դրա պակասի պատճառներից մեկն է հանդիսանում:
Կառուցված ջրամբարը եւս անհաջող ծրագիր էր: Մուրման Նադարեիշվիլին` Վրաստանի արեւմտյան շրջանների ջրամատակարարման համար պատասխանատու «Դասավլեթիս ցկալի» ընկերության փոխտնօրենը, ասում է, որ երբ եղանակը չափազանց չոր է լինում, ջրամբարը դատարկվում է, իսկ անձրեւոտ եղանակին դրա մատակարարած ջուրը կեղտոտ է լինում եւ սպառման համար ոչ պիտանի:
«Կամ նախագծման փուլում են ինչ-որ սխալ թույլ տվել կամ ջրամբարի կառուցման ժամանակ: Ջուրը դեղին գույն ունի, որոշակի հոտ եւ համ», - ասում է Նադարեիշվիլին:
Նրա խոսքերով`անձրեւի ժամանակ իր ընկերության աշխատակիցները փակում են ջրամբարի մատակարարած ջրի հոսքը:
Փորձագետները նշում են, որ նախագծի միակ դրական արդյունքը եղել է ջրաչափերի տեղադրումը, ինչը թույլ տվեց երաշխավորել սպառողների կողմից ջրի համար վճարվող գումարների գանձումը, որն իր հերթին կբարձրացնի համակարգի վրա կատարվող աշխատանքների եկամուտը: Եւ չնայած քաղաքի բնակչությունը ստիպված է վճարել ջրաչափերի համար, իսկ սակագները բարձրացել են, ջրամատակարարումն ընդհատվում է, ինչպես նախկինում:
Մասնագետները նշում են, որ աշխատանքների երկրորդ փուլում անհրաժեշտ է ջրամբարում ֆիլտրման համակարգեր տեղադրել, ինչպես նաեւ վերանորոգել եւ փոխել քաղաքի ջրատար խողովակները:
Փոթին գտնվում է Վրաստանի արեւմտյան Սամեգրելո-Զեմո Սվանեթի նահանգում, որի ղեկավար Զազա Գորոզիան եւս այն կարծիքին է, որ այս ամենի համար անհրաժեշտ է նոր ներդրումներ գրավել, եւ իշխանությունները մոտ են դրան:
«Հավատացեք, ոչ մի տեղ այդքան ջուր չի կորչում, որքան Փոթիում: Ջրամատակարարման համակարգը շատ հին է, այդ պատճառով մենք հավելյալ 5.5 միլիոն դոլար ենք ծախսում ջրատար խողովակների համակարգն ամբողջությամբ փոխելու համար», - ասում է նա:
Փոթիի ջրամատակարարման ընկերության տվյալներով` միայն ֆիլտրման համակարգի արժեքը կկազմի 2.3 միլիոն եվրո, իսկ ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգումը կարժենա ավելի քան 33 միլիոն եվրո:
Դեռեւս պարզ չէ` արդյոք ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար անհրաժեշտ գումարը հնարավոր կլինի ճարել: Իսկ մինչ այդ Փոթիի բնակիչները հավանաբար ստիպված կլինեն բավարարվել գրաֆիկով մատակարարվող եւ երբեմն կասկածելի որակի ջրով:
Լաշա Զարգինավան «Resume» թերթի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

