Ճոճկանում ջուր չկա

10:50 | Սեպտեմբեր 06, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի Ճոճկան գյուղի ավելի քան 2000 բնակիչները ոռոգման եւ խմելու ջուրը ստանում են հերթափոխով` թաղամաս առ թաղամաս:

Գյուղը ժամանակին ուներ մի քանի պոմպակայան, որոնցից այսօր վերանորոգվել ու գործում է միայն մեկը: Այն գյուղին վայրկյանում 201 լիտր ջուր է մատակարարում, մինչդեռ ժամանակին այն հասնում էր 1200 լիտրի: Գյուղապետ Սամվել Գիգոլյանի ասելով` ցուրտ ու մութ տարիներին ոռոգման համակարգը փլուզվեց, երբ էլեկտրաէներգիա չլինելու պատճառով պոմպակայանները չաշխատեցին ու շարքից դուրս եկան:

«Այժմ ոռոգման ներքին ցանցի վերանորոգման խնդիր է առաջացել, որը 40 տարի է` չի վերանորոգվել: Դիմել ենք պետական ատյաններին, փորձել ենք մասնակցել Համաշխարհային բանկի ծրագրին: Սակայն այն բավականին թանկ ծրագիր էր. մեզ ասացին` միայն համայնքն իր կողմից 37 մլն դրամ ներդրում պետք է անի, սակայն այն մեր ամբողջ գյուղի բյուջեն է կազմում: Ճոճկանի պետական դոտացիան 21 մլն դրամ է, իսկ մեր բյուջեի մնացած մասը հավաքագրում ենք հողի, գույքի եւ տեղական հարկերից»,- ասում է գյուղապետը:

Թեեւ գյուղն այժմ արդեն որոշ չափով ապահովված է ջրով, սակայն նրա ասելով` ամեն ինչ պետք է անեն, որ ջրամատակարարումը լիովին կարգավորվի: Սամվել Գիգոլյանի նշեց, որ նպատակ ունեն գյուղի 40 հա այգիները հասցնել 1000 հա-ի: Այս դեպքում, ըստ նրա` ջրի պակաս հաստատ կզգացվի, մանավանդ երբ սկսեն մշակել գյուղի 20-30 տոկոս անմշակ հողերը եւս:

Նրա վստահեցմամբ` ժամանակին Ճոճկանը զբաղվել է հիմնականում այգեգործությամբ, այդ նպատակով 1000 հա տարածք ուներ եւ մինչեւ 20 հազար տոննա պտուղ արտադրելու հնարավորություն: Այս տարի արդեն 16 հա պտղատու նորատունկ ծառ ունեն: «Ոռոգման ջուրը եթե եղավ, մարդիկ նորմալ կապրեն` գյուղացիք կզբաղվեն հողագործությամբ, կայուն եկամուտ կունենան, գյուղից գնալու խնդիր համարյա չի լինի»,- կարծում է պարոն Գիգոլյանը եւ ավելացնում` երբ ջրի խնդիրը սկսեց լուծվել գյուղում նույնիսկ սկսեց ավելանալ ծնունդների թիվը, արտագաղթի թիվն էլ պակասեց. «Երիտասարդներն այն ժամանակ չէին ամուսնանում, հիմա արդեն գյուղում շարժ կա: Դա ես կապում եմ միայն ջրի հետ»:

Ճոճկանի հողերից 2000 հա-ն գյուղատնտեսական նշանակության են, որտեղ հիմնականում մշակում են ցորեն, գարի, արեւածաղիկ: Ստացված բերքն իրացնում են գյուղում, եւ միայն արեւածաղիկը տանում են նաեւ քաղաքային շուկաներ: Թե այս տարի որքան բերք են կարողացել ստանալ, գյուղապետը դժվարացավ ասել. «Ռեալ խոսենք` ո՞վ է հաշվառում արել կամ ո՞վ է կշռել, ես ի՞ նչ իմանամ` ինչքան բերք ենք ստացել. մոտավոր թվեր են ասում»:

Ճոճկանցիներն իրենց կյանքից հիմնականում դժգոհ չեն. նրանց ասելով` գյուղում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, սակայն կարեւորը ջուր ունենալն է: «Փողը տվիր, կստանաս ջուր, չտվիր` էլ որտեղից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 50-ամյա Մհեր Լորսաբյանը, որն այս տարի նորից սկսել է մշակել հողամասը, որը երկար տարիներ անմշակ էր: «Բացի մանդարինից, նարնջից ու ձիթապտուղից, ամեն ինչ աճեցնում եմ»,- ասում է նա:

Հովհաննես Սիրադեղյանի ասելով էլ` եթե կառավարության կողմից ուշադրությունը շատ լինի, գյուղն իսկապես կաշխուժանա:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100