«Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով երթն արտոնվել է: Այն կմեկնարկի սեպտեմբերի 5-ին, ժամը 12:30-ին Մատենադարանի հարթակից և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Երթին մասնակցելու են մի շարք հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:
«Այսօր, երբ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տխրահռչակ նախագծով աննախադեպ սրությամբ վտանգվում է մայրենի լեզուն և հայ ինքնության
արդիականացման հնարավորությունը, առավել քան կարևորվում է Մաշտոցի գործունեության խորհուրդը:
Հայոց լեզվով դպրության հազարվեցհարյուրամյա պատմությունը նրա պարբերական նորացման վկայությունն է: Այսօր ևս այն ունի բավարար հիմքեր` համապատասխանելու իր ժամանակի պահանջներին և նորանալու, բայց ոչ երբեք օտարալեզու դառնալու
գնով»,-ասված է«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» հասարակական նախաձեռնության հայտարարության մեջ, որը միացել է երթին :
Երթին կմիանան նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք մինչ այդ կկատարեն ուխտագնացություն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:

