«ՀՌԱԿ կուսակցապետի հետ «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն քննարկելու միայն մեկ հարց ունի, այն էլ` միայն դատական ատյաններում` իրենց պարտքը «Նաիրիտին»,- «Ա1+»-ին ասաց «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: Ըստ նրա` « Հարություն Առաքելյանի կողմից ղեկավարված «Ջանկօգ- քիմ» ՍՊԸ մինչ այսօր էլ «Նաիրիտին» պարտք է մոտ 6.600.000 ՀՀ դրամ` այդ ընկերությանը մատակարարված ապրանքների դիմաց: Իսկ պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով ընկերությունը 20.01.2006 թ. լուծարվել է»:
Հիշեցնենք, որ « Նաիրիտը» այս հայտարարությունն արել է ի պատասխան ՀՌԱԿ -ի տնտեսական հանձնախմբի հայտարարությունների: Հանձնախումբը ուսումնասիրություններ էր կատարել եւ պարզել, որ Հայաստանը զրկվելու է կաուչուկ արտադրելու մենաշնորհից: Նաեւ 5000 աշխատակիցներ զրկվելու են աշխատանքից:
Իսկ «Նաիրիտը» կասկածի տակ է առնում այդ կուսակցության տնտեսական հանձնախմբի գոյությունը:
«Տնտեսական հանձնախումբ կոչվածի ազնիվ կուսակցական- անդամները թող ճշտեն. թե օրենսդրության ո՞ր դրույթների հիման վրա է պարտք ունեցող ընկերությունը լուծարվել, եւ թե արդյոք այդ գործարքում չկա քրեական տարր»,-ասված է «Նաիրիտի» պատասխանում:

