«Armenia Expo 2010»-ի առանձնահատկությունները

16:28 | Սեպտեմբեր 03, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամալիրի ավելի քան 10 000 քառ մետր տարածքում այսօր մեկնարկեց «Armenia Expo 2010» 10-րդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդես-ֆորումը:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 240 ընկերություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից եւ այլն: Ցուցահանդես-ֆորումը կազմակերպել են «Logos Expo» կենտրոնը եւ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների» միությունը:

Ցուցահանդես-ֆորումին ներկա էին նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ի դեպ ժամանեց նախատեսված ժամից 45 րոպե ուշացումով: Պատճառը Կառավարության նիստն էր, որը հինգշաբթի օրվա փոխարեն այսօր էր տեղի ունեցել: Իր բացման խոսքում նա կարեւորեց այս միջոցառումը, քանի որ այն ըստ նրա` ձեռնարկատերերի միջեւ կազմակերպման բացառիկ հնարավորություն է. «Մեզ համար կարեւոր է նաեւ, որ պահպանվի միջազգային կարգավիճակը եւ լինեն օտարերկրյա մասնակիցներ, քանի որ դրա շնորհիվ մենք գնահատում ենք նաեւ բիզնես միջավայրը Հայաստանում, բացահայտում մեզ համար հետաքրքրությունները, որոնք ներդրողները դրսեւորում են ՀՀ-ի նկատմամբ»:

Վարչապետի այս խոսքի ժամանակ ցուցահանդեսին ներկայացված շվեյցարական տոհմական կովերը սկսեցին մերթընդմերթ բառաչել: «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների» միության նախագահ Արսեն Ղազարյանը ժպիտով նկատեց, որ այս տարվա ցուցահանդեսը ոչ միայն արդյունաբերական է. «Ունենք գործարարություն, որ ոչ մի բանի դեմ չի կանգնում, դուք լսում եք տոհմական շվեյցարական ցլիկի ոռնոցը, որը նաեւ ներդրում է այս ոլորտը զարգացնելու համար»: Բացի այդ, ըստ նրա` այս ցուցահանդես-ֆորումը դրական լիցքեր կուղղորդի հասարակությանը, որ. «Որքան էլ ասեկոսեներն այն մասին, թե ճգնաժամ է, ճգնաժամային վիճակ է, գործարարության համար պայմանների դժվարությունները ռեալ են, կան, բայց մենք ունենք առաջ գնացող տնտեսություն»:

Ցուցահանդես-ֆորումի մասնակից հայ արտադրողները մեծ սպասելիքներով են եկել, սակայն չեն մոռանում նշել նաեւ իրենց ոլորտի խնդիրները:

«Մեգերյան կարպետ» ընկերությունը, որն արդեն 10 տարի է ձեռագործ գորգեր է արտադրում, եւս ներկայացված էր ցուցահանդեսին: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ընկերության մարկետինգի գծով տնօրեն Հայկ Այվազյանը` համաշխարհային ճգնաժամի պատճառով փոքրացրել են արտադրության ծավալները, սակայն այժմ միտումները դրական են:

Նրա ասելով` ձեռագործ գորգերը բավականին թանկ են եւ այդ պատճառով հիմնականում արտահանում են: Արտահանման եւ իրացման հարցում եւս կան դժվարություններ եւ այդ պատճառով այս ցուցահանդեսը, ըստ ընկերության ներկայացուցչի` համագործակցության համար լավ խթան կհանդիսանա:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100