Այսօր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում նույնասեռական անձինք բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին, որոնց մասին երբեւիցե չեն համարձակվել խոսել: Պատճառները, նրանց ասելով` շատ են: Ի դեպ, այսօրվա քննարկմանը եկել էին բազմաթիվ հայ լեսբուհիներ եւ գեյեր:
Նույնասեռական անձինք կամ ինչպես իրենք են ասում` ԼԳԲՏ համայնքը (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր-խմբ.) խնդիրներ են ունենում բոլոր բնագավառներում: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` «Հանրային տեղեկատվություն ու գիտելիքի կարիք» ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ այսօր իրենց համայնքի ներկայացուցիչները աշխատանք հիմնականում կարողանում են գտնել սպասարկման ոլորտում, մյուս դեպքերում ամեն ինչ կախված է հիմնարկի տնօրենից:
Հիմնական խնդիրները, ըստ քննարկման մասնակիցների, ծագում են իրավապահ մարմինների հետ շփման ժամանակ: Շատ հաճախ էլ իրավապահ մարմինները գումար են կորզում նույնասեռական անձանցից` վախեցնելով, թե հակառակ դեպքում հարազատներին կասեն: Դա, ըստ Մամիկոն Հովսեփյանի, առավել ակնհայտ է բանակում, երբ հայտնաբերելով, որ ծառայողներից մեկը նույնասեռական է, նրան ենթարկում են բռնության, հոգեբանական ճնշման, ինչպես նաեւ` լինում են բռնաբարության դեպքեր ոչ միայն զինծառայողների, այլեւ հրամանատարների կողմից:
Նրա ասելով` նույնասեռական զորակոչիկի նկատմամբ ծաղրուծանակը սկսվում է անմիջապես բժշկական ստուգման ժամանակ. «Ես մինչ օրս ոչ մի գրականության մեջ չեմ հանդիպել, որ մարդու սեռական կողմնորոշումը կարող է դալտոնիզմի աստիճանով որոշվել: Չգիտեմ` ինչ-որ ներվային հիվանդություններ են փորձում ստուգել. ասում են` ձեռքդ պարզի. աչքերդ փակ քթիդ փորձի հասնել, եթե ստացվեց, ուրեմն հիվանդ ես»: Դրանից հետո Մամիկոն Հովսեփյանի փաստարկներով` նույնասեռական զորակոչիկին ուղարկում են հոգեբուժարան` որպես հոգեկան հիվանդ բուժման:
ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչ Լուսինե Վայաչյանն էլ նշեց , որ տրանսսեքսուալներն էլ իրենց սեռը փոխելու համար ստիպված են լինում դիմել բազմաթիվ խորամանկությունների, քանի որ բացակայում են այն իրականացնելու օրենսդրական հիմքերը: Իրենց խնդիրների միակ լուծումը նրանց կարծիքով` կլինի այն ժամանակ, երբ կլինեն համապատասխան օրենսդրական նորմեր եւ հասարակության իրազեկումը:

