Մերուժանը Երեւանի վճարովի ավտոկայանատեղերից մեկում աշխատում է որպես հսկիչ: Շոգից ու ծանրաքաշ մարմնից ելնելով` նա չի կարողանում մի ամբողջ օր հսկել իրեն վերապահված կայանտեղին, որի սահմանը գծվում է մի հենասյունից մյուսը: Ուստի նա օրվա կեսից տուն է ճանապարհվում` գրպանում ունենալով ընդամենը 1500-ից մինչեւ 2500 դրամ:
Թե ինչքան է հարկ վճարում օրվա վերջում, հսկիչը դժկամությամբ է պատասխանում` 3000 դրամից մինչեւ 5000 դրամ, կապված օրվա հաջողությունից: «Այ օրինակ էս երկու մեքենաները առավոտից էստեղ կանգնած են: Չեմ հասցրել տեսնել, թե ոնց են տեղավորվել: Արդեն օրվա կեսն անցել ա, բայց դեռ չկան: Իսկ կարող էի նրանց փոխարեն մի քանի մեքենա տեղավորել ու ճանապարհել»,- դժգոհում է քրտնաթաթախ հսկիչը եւ նշում, որ յուրաքանչյուր ավտոմեքենայից վերցնում է 100 դրամ:
«Լինում է նաեւ մի քիչ ավել կամ պակաս»,- ավելացնում է նա:
Վարորդներն էլ իրենց հերթին են բողոքում հսկիչների աշխատանքից` նշելով, որ նրանց հիմնական մասն անօրինական է աշխատում: «Եթե օրինական լիներ, կտրոն կներկայացնեին: Երբեմն նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ լինում է, որ չեն ունենում, կամ էլ ունենում են առանց համապատասխան կնիքի»,- նշում է վարորդ Արման Հակոբյանը:
Քիչ այն կողմ տաքսու վարորդ Համլետը ավելի հանգամանալից է ներկայացնում կայանատեղիների գործընթացի ամբողջ մեխանիզմը: «Կոնկրետ մեզանից գումար չեն վերցնում: Վարորդներից վերցնում են 100-ից 200 դրամ` կապված նրանից, թե մեքենայում վարորդը սպասում է, թե ոչ: Իսկ ընդհանուր առմամբ հարկման գները տարբեր են»,-նշում է նա:
Թե կոնկրետ Երեւանում գրանցված քանի վճարովի ավտոկայանատեղեր կան, եւ ինչքան գումար է գանձվում յուրաքանչյուրից,ապա Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունից առաջարկեցին այդ հարցով դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին եւ հարկային մարմինների իրավասու¬թյուններին, քանի որ, քաղաքապետը կայանատեղերի համար տրամադրված տարածքները թաղապետարաններին են տրամադրվել անհատույց մշտական օգտագործման իրավունքով:
Սակայն վարչությունը հստակ պատասխանում է, որ մայրաքաղաքում կան անվճար ավտոկայանատեղիներ, այդ թվում նաև թեթև մարդա¬տար տաքսիների համար սահմանված թվով 40 կայանատեղեր:
Ինչ վերաբերում է անօրինական հսկիչներին, ապա վարչությունից տրված գրավոր պատասխանում նշվում է, որ ըստ գործող կանոնակարգի՝ կայանատեղը սպասարկող հսկիչները պարտավոր են կրել անձը հաստատող փաստաթուղթ` համապատասխան կնիքով, որի վրա բացի անձնական տվյալներից պետք է նշված լինեն նաև կայանավայրը սպասարկող տնտեսվարող սուբյեկտի տվյալները։
«Այդպիսի փաստաթղթի բացակայությամբ պատահական անձանց կողմից հնարավոր դրամահավաքը անմիջականորեն առնչվում է իրավապահ մարմինների գործառույթներին»,- նշվում է պատասխանում։

