Այսօր մայր բուհում առաջին կուրսեցիներին կարելի է տարբերել հեռվից: Նրանք ամենից հուզվածն ու շփոթված էին:
Էջմիածնեցի Մարիամ Առուշանյանն ընդունվել է Պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետ: Նա այսօր այնքան հուզված էր, որ ոչ մի կերպ չէր կարողանում գտնել իր համակուրսեցիներին, դասցուցակն ու լսարանի տեղը, որին դեռ շարունակում էր դասարան անվանել:
«Հուզված եմ շատ, բոլորն անծանոթ դեմքեր են եւ ուրախանում եմ, երբ հանկարծ գտնում եմ մի քանի ծանոթ դեմքեր դպրոցից: Դեռ իմ բաժնում ծանոթներ չեմ գտել, հուսով եմ կծանոթանանք եւ լավ հարաբերություններ կլինի»,-ասում է ուսանողը:
Նրան փորձում է օգնել առաջին պատահած դասախոսը` Նարինե Գասպարյանը, ով հատուկ առաջին կուրսեցիների համար նախատեսված ուղեցույցը տրամադրելով նոր ուսանողին, ցույց է տալիս դասացուցակի տեղը:
Առաջին կուրսեցիներից ոմանք մենակ էին բուհ եկել, ոմանց էլ հարազատներն էին բերել` ծանոթացնելու կրթօջախին: Նրանց մեջ էր նաեւ Մանուշակ Սահակյանն, ով իր թոռնիկին ուղեկցում էր բուհ: «Թոռնիկս ընդունվել է ԵՊՀ-ի ռոմանագերմանական բաժինը: Ժխորա, չենք հասկանում երեխայի բաժինը որ հարկում է: Գնացել եմ հարցրել, իրենք էլ մեզ տարել են 2-րդ հարկ, կարդացել են մեծ սիրով թոռնիկիս անուն ազգանունը: Հիմա էլ դրսում սպասում եմ գա, գնանք»,-ասում է տատիկը:
Օրվա առիթով այսօր ուսանողներին շնորհավորեց նաեւ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը` հատկապես առանձնացնելով շուրջ 3000 առաջին կուրսեցիներին, ովքեր մի քանի տասնյակով ավելի են, քան նախորդ տարին էր: «Ցանկանում եմ, որպեսզի նրանք այս ուսումնառության տարիներին կարողանան ընկալել իրենց վրա դրված պարտականությունները, ջանք չխնայեն գիտության բարձունքները գրավելուն»,- նշեց համալսարանի ռեկտորը:

