Ոչինչ չե՞ն տվել արձանագրությունները

15:14 | Սեպտեմբեր 01, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեկ տարի լարվածության մեջ պահեցին ու արդյունքում չունեցանք ոչ բաց սահման, ոչ էլ հարցի որեւէ լուծում»,- սա երեւանյան փողոցներում արված հարցումների ժամանակ քաղաքացիներից Անահիտի տված պատասխանն է:

Այսօր լրանում է հայ-թուրքական արձանագրությունների շրջանառության մեջ դրվելու մեկ տարին:

34-ամյա Անուշը վստահ է, որ սահմանը այդպես էլ չի բացվի, սակայն դրանում չի մեղադրում ոչ հայ, ոչ էլ թուրք ղեկավարներին. «Ոչ մեր ղեկավարություն կապ ուներ, ոչ իրենց, հրամանը գալիս էր, պետք է կատարեին: Երկու պետություններն էլ ենթարկվում են մի ուժի, բայց չեմ կարող ասել` որ ուժին»:

68-ամյա Սեդրակ Սարգսյանի համար այս ողջ գործընթացը շոուի է նմանվել. «Կազմակերպեցին հայերի եւ թուրքերի միջոցով, իսկ ժողովուրդը դրանից ոչինչ չստացավ»:

«Ոչ մի արժեքավոր բան չի տվել, եթե սառեցրել են: Ուղղակի մենք կարողացանք ապացուցել իրենց, որ պատրաստ ենք սահմանները բացելու, իրենց վախեցան, չբացեցին: Սահմանի բացմանը կողմ եմ, եթե խիստ վերահսկողության տակ լինի թուրքերի մուտքը: Թուրքական քաղաքականությունը շատ հաշվենկատ քաղաքականություն է»,- կարծիք հայտնեց 67-ամյա Սերոբ Վարդանյանը: Արմենն էլ նկատեց. «Սահմանի բացումը ավելի շատ օգուտ կտա թուրք ժողովրդին, որ ապրում են Վանի շրջակայքում, ավելի շուտ քրդերին, որ կշփվեն հայերի հետ եւ դրանից միայն կշահեն, մենք չենք շահի: Իսկ իշխանություններն էլ թող շարունակեն թուրքերին խնդրել, հետո կտեսնեն, թե վերջն ինչ կլինի»:

Ի դեպ, կային նաեւ մի քանի քաղաքացիներ, ովքեր չնայած գործընթացի սառեցմանը, այնուամենայնիվ հուս ունեն, որ սահմանը կբացվի:

Կային նաեւ քաղաքացիներ, որ հարցը լսելուց հետո թափահարում էին ձեռքերը եւ հեռանում, քանի որ վստահ են, որ հարցի լուծումը իրենցից ընդհանրապես կախված չէ:

 

 

 

 

Share |
Rambler's Top100