Սեպտեմբերից 11-15-ը հայ հանդիսատեսին կներկայանա ինդի փոփ ժանրը ներկայացնող «Բրազավիլ» խումբը: Երաժիշտներին Հայաստան է հրավիրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Բրազավիլը» Երևանում ելույթ կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00-ին` Սիրահարների այգում, հասցեն` Բաղրամյան 21: Սեպտեմբերի 13-ին խումբը կլինի Գյումրիում ու նույն օրը ժամը 19:00-ին համերգով հանդես կգա տեղի դրամատիկական թատրոնի շենքում: Խումբը նաև հանդես կգա Հրազդան քաղաքում` երաժշտական դպրոցի սաների համար և կանցկացնի վարպետության դասեր Երևանում:
«Բրազավիլ» խումբը ձևավորվել է 1997թ. Դեյվիդ Արթուր Բրաունի (վոկալ, կիթառ) կողմից: «Բրազավիլը» թողարկել է ինն ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել: Դրանց շարքում են «Դեռահասի ամառային օրերը» և «Արևելյան Լոս-Անջելեսի զեփյուռը» ալբոմները, որոնք ռուսական հիթ շքերթների ամենապատվավոր տեղերում հայտնվեցին`դրանցում ներառված էր «Կինո» խմբի «Արև անունով աստղը» երգի անգլերեն տարբերակը: Իսկ խմբի կենդանի կատարումներով «Բրազավիլը Ստամբուլում» ալբոմը տեղ է գտել Եվրոպայի համաշխարհային ալբոմների լավագույն քսանյակում:
Խումբն հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, ընդ որում տոմսերը մշտապես սպառվել են համերգներից շատ առաջ:

