Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցում այսօր տանտիրոջ իրավունքով էր: Նա այս դպրոցի շրջանավարտն է:
Սահմանված նոր կարգի համաձայն դպրոցի մանկավարժները երդվեցին, որից հետո սկվեց առաջին դասը, որին մասնակցեց նաև Գագիկ Բեգլարյանը: Քանի որ այս դպրոցի սաներին հատուկ է տրամաբանական մտածողությունը, քաղաքապետի առաջարկությամբ տեղում տրամաբանական խնդիրների վիկտորինա կազմակերպվեց` խնդիներն առաջադրեցին աշակերտները, լուծումներին ակտիվ մասնակցեց քաղաքապետը:
Ա. Շահինյանի անվան դպրոցն այս տարի տոնում է հիմնադրման 45 ամյակը:
Քաղաքապետը հարազատ դպրոց դատարկաձեռն չէր եկել, նա դպրոցին մագնիսական շախմատ-գրատախտակներ նվիրեց: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքապետը տեղեկացրեց դպրոցաշինական աշխատանքների մասին:
Իր դպրոցական տարիների մասին լրագրողների հարցերին Գագիկ Բեգլարյանը պատասխանեց հաճույքով: ՙՄենք դպրոց էինք գալիս ոչ միայն ծնողների այլև տատիկ-պապիկների հետ, դպրոցում մեծ տոնախմբություն էր լինում, այժմյան շքեղություններն իհարկե չկային...՚: Դպրոցական չարաճճիություններ բոլորն են անում, լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ աշակերտ է եղել Գագիկ Բեգլարյանը. ՙՎատ աշակերտ չեմ եղել՚,- ի պատասխան ասաց քաղաքապետը: Լրացնելով նրան, ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը շարունակեց. ՙՔաղաքապետն ուղղակի համեստություն է անում, ֆիզմաթ դպրոցում սովորելու տարիներին նա կազմակերպիչ էր, լիդեր, ղեկավարելու կարողությունը նրա մոտ այն ժամանակ էլ հստակ զգացվում էր: Որպես աշակերտ, ինչու չէ, դասերից էլ է փախել, մասնակցել է նաև օլիմպիադաների, շատ լավ սովորող էր, նաև աշխույժ՚:

