Ինչո՞ւ է Կադաստրը մերժում

14:40 | Սեպտեմբեր 01, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի խումբ քաղաքացիներ մեղադրում են Կադաստրի պետական կոմիտեին` անօրինաբար իրենց կառուցած տները չսեփականաշնորհելու համար: Իրենց բողոքը տեղ հասցնելու համար նրանք դիմել են Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիային: Կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ նույն խնդրով օրական իրենց դիմում են տասնյակ քաղաքացիներ:

«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն Երեւանի քաղաքապետարանը 10 000 որոշումներ է կայացրել մինչեւ 2001թ. մայիսի 15 կառուցված տների եւ շինությունների սեփականաշնորհման վերաբերյալ :

Սակայն 1800 քաղաքացի է ստացել սեփականության վկայականներ:

Խաչատուր Մարոզյանը պարզել է, որ Կադաստրի պետական կոմիտեի դիմումների մերժման հիմնական պատճառաբանություններից մեկը այն է, որ կոորդինատների անհամապատասխանություն կա. «Ես հարցրեցի քաղաքապետարանում, թե ինչու չեն համապատասխանում կոորդինատները, ինչու չեն օգտվում չափագրման միասնական կոորդինատային համակարգից: Պատասխան ստացանք, որ իրենք եւ Կադաստրի պետական կոմիտեն նույն տվյալներն են օգտագործում, որը իրենց տրամադրել է կադաստրի ենթակայության տակ գտնվող գեոդեզիայի ինստիտուտը, այսինքն, իրավունք չունեն այստեղ լինելու տարբերություններ: Շինծու մերժում է»:

Մերժման մյուս պատճառաբանությունը, ինչպես նկատեց Խաչատուր Մարոզյանը, ավելի քան անօրինական է: Նա փաստեց, որ Կադաստրը պահանջում է, որ գլխավոր հատակագիծ ներկայացնեն, որտեղ երեւա հողի որ մասն է զավթած. «Օրենքում նման բան չկա, ի՞նչն է ստիպել Կադաստրին օրենքը շրջանցել: Նրանք ամեն ինչ անում են, որ փող վաստակեն, որովհետեւ քաղաքացիները մեկ, երկու մերժվելով, հասկանում են, որ առանց փողի չեն կարող սեփականացնել»:

Ի դեպ, հարցին լուծում գտնելու համար նա չի պատրաստվում դատարան դիմել, պարզապես գրավոր դիմելու է Երեւանի քաղաքապետարանին` պարզելու, թե ինչու են կառույցի որոշումները անտեսվում:

«Եթե փաստաթղթերում չկան անճշտություններ, ապա բոլոր դիմողները կստանան սեփականության գրքույկներ»,- «Ա1+»-ին ասաց Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը`ավելացնելով, որ մերժումների քանակի եւ պատճառաբանությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100