Գիտությունների Ազգային ակադեմիան պետք է լուծարվի եւ ստեղծվի նորը: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց Կրթության եւ գիտության նախարարության Բժշկակենսաբազմազանության կենտրոնի հիմնադիր Սիներիկ Հայրապետյանը:
Նրան այդ համոզմանն է բերել այն, որ ԳԱԱ ակադեմիկոսները եւ թղթակից անդամները Հայաստանից դուրս հանդես չեն գալիս զեկույցներով: Եվ ակադեմիան ուղղակի կերաման է դարձել բոլորի համար:
Ըստ կենտրոնի հիմնադրի` աշխարհի 10.000 համալսարանների շարքում Երեւանի Պետական համալսարանը գրավում է 4826-րդ տեղը, Բաքուն, Իրանը, Լիբանանը
մեզանից առաջ են, իսկ Վրաստանը հավասար տեղում է գտնվում, ինչը շատ մտահոգիչ է կրթության որակի համար:
Ըստ Սիներիկ Հայրապետյանի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեղծել է գիտատեխնիկական խորհուրդ եւ նախագահն է ինքը, իսկ նախարարները` անդամներն են, սակայն ոչ մի գիտնական չկա: « Սա ուղղակի ծիծաղելի է»,- ասում է նա:
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, սակայն այդքան վատատես չէ: Նրա կարծիքով` այդ թիվը միջին ցուցանիշ է եւ շատ նորմալ 20- ամյա անկախություն ունեցող երկրի համար:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին էլ «Ա1+»-ի հարցին ի պատասխան ԱԺ Կրթության, Գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց. «Նախագիծն արդեն ընդունվել է, սակայն յուրաքանչյուր պատգամավոր եւ ոչ միայն պատգամավոր, այլ միայն կառավարությունը կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ որոշակի փոփոխություններ եւ լրամշակումներ առաջարկել:»

