Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի ավագանին գյուղապետին արգելել է «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտնում է «էկոլուրը»:
Կոնֆլիկտը սկսել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Ելփինի բնակիչները հայտնաբերեցին, որ իրենց տարածք ծանր տեխնիկա է մտել: Ի պատասխան փաստաթուղթ ներկայացնելու պահանջին` «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ներկայացուցիչները ցույց են տվել 05.09.2008թ. թիվ 03Ա 081319 արտոնագիրը` ստորագրված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից: Արտոնագրում նշված է ընկերության գրանցման տեղն ու անվանումը`«ԱՐԳԱՄԻԿ», գյուղ Մխչյան, Արարատի մարզ, եւ թույլատրված աշխատանքների տեսակը` հետախուզական աշխատանքներ եւ Ելփին գյուղում պղնձամոլիբդենային երեւակումների քարտեզագրում:
Ամենամեծ առարկությունը կապված է նրա հետ, որ նախկինում գյուղում անցկացվել են ուրանի որոնման աշխատանքներ, եւ բնակիչները վախենում են, որ հորատումները կարող են դիպչել կողքին գտնվող ուրանային երեւակումներին:
Տարածքում, որտեղ բերվել է տեխնիկան, գտնվում են պատմական հուշարձաններ, խաչքարեր, գերեզմաններ: Այնտեղ է գտնվում գաճաճ կեչիների յուրահատուկ պուրակը, բնակվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ աճում Կարմիր գրքի բույսեր: Սա նաեւ որսավայր է:
Ավագանու խորհուրդը ՀՀ կառավարությանը դիմում է պատրաստում ներկայացնելու` այդ տարածքին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար:

