Բնապահպանը կդիմի դատարան

11:18 | Օգոստոս 31, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյան պատրաստվում է բողոքարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության մարմնի անգործությունը ՀՀ գլխավոր դատախազին, իսկ այնուհետև դիմել դատարան:

2010թ օգոստոսին նա գրավոր դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն իր կողմից ներկայացված հաղորդման ընթացքի վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:

Խոսքն հանցագործության մասին այն հաղորդման մասին է, որը 2010թ հունիսի 24-ին Մարիամ Սուխուդյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազին` իր նկատմամբ ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի կողմից անօրինական գործողություններ կատարելու մասին, մասնավորապես Էրեբունու քննչական բաժնի կողմից քրեական գործով կողմնակալ և սուբյեկտիվ քննություն իրականացնելու, գործով ձեռք բերված ապացույցները միտումնավոր անտեսելու և կեղծելու, անհիմն և անօրինական մեղադրանքներ առաջադրելու և այլ փաստերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ՙ10 լավագույն դպրոց՚ ծրագրի շրջանակում Մարիամ Սուխուդյանը, մի խումբ երիտասարդ կամավորականների հետ աշխատել էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցում և վերջինիս հայտնի են դարձել դպրոցի ուսուցչի կողմից սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մասին փաստեր:

Փոխարենը, քրեական գործ հարուցելու և ուսուցչին պատասխանատվության ենթարկելու` ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի կողմից 11.02.2009 թվականին հարուցվել է քրեական գործ և Մարիամ Սուխուդյանին առաջադրվել է մեղադրանք ուսուցչի նկատմամբ զրպարտություն կատարելու համար:

Հետագայում քրեական գործի նախաքննությունը տեղափոխվել է Երևան քաղաքի քննչական վարչություն և նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել ուսուցչի կողմից սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությոններ կատարելու հանգամանքը: Ավելի ուշ, ուսուցիչը դատարանի կողմից դատապարտվում է 3 տարի ազատազրկման:

Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանը, որտեղից էլ մինչ օրս չի ստացվել որևէ պատասխան:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100