Ծաղկաձորում տեղի ունեցած ծեծկռտուքին Տեր Հարություն քահանա Ծատուրյանը չի մասնակցել: «Ա1+»-ին հավաստեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Ըստ մեր տեղեկությունների` մեկ շաբաթ առաջ Ծաղկաձոր քաղաքում տեր Հարություն քահանա Ծատուրյանը մասնակցել է խոշոր ծեծկռտուքի: Հոգեւորականը ծեծի է ներքաշվել իր աներորդու պատճառով: Վերջինս վիճել է ծաղկաձորցի տղաների հետ ամենագնացի գնի սահմանման հետ կապված անհամաձայնության պատճառով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ա1+»-ին ասաց, որ իրոք միջադեպ տեղի է ունեցել, սակայն ոչ թե ծաղկաձորցի տղաների եւ հոգեւորականի միջեւ, այլ ծաղկաձորցիների եւ երեւանցիների միջեւ:
Ըստ նրա` քանի որ կռիվը Կեչառիս եկեղեցական համալիրի հարեւանությամբ է եղել, տեր Հարություն քահանա Ծատուրյանը աներորդու հետ միասին դուրս է եկել, որպեսզի հանդարտեցնի եւ հաշտեցնի կռվողներին: «Չգիտեմ ինչու, հետագայում նրան են վերագրել»,- ասաց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

