Այս տարի դպրոց կգնա 37 039 առաջին դասարանցի: Այս թիվը ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սարսափելի է համարում:
«Վերջին 20 տարվա ընթացքում մեր վիճակագրությունը վկայում է, որ հենց այս տարի են քիչ հաճախելու դպրոց: Մյուս տարի իրավիճակը փոքր-ինչ կշտկվի, քանի որ վերջապես կձեւավորենք 12-ամյա լիարժեք կրթություն»,- ընդգծեց նա` ավելացնելով. «Դա կբերի բազում այլ խնդիրներ` դպրոցների պահպանման խնդիրներ, համապատասխան ֆինանսների վերանայում, դասագրքերի թանկացում, աշխատուժի ավելցուկ: Հեշտ չի լինելու, առավել եւս այս տարի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ կրթական համակարգն անցնցում անցնի»:
Նախարարն այս եւ կրթական ոլորտի մի շարք այլ խնդիրների անդրադարձավ այսօր մայրաքաղաքի ավելի քան 200 դպրոցների տնօրենների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Մինչ այդ Արմեն Աշոտյանն այցելել էր ՀՀ մարզեր ու տեղում ծանոթացել ոլորտի խնդիրներին: Այսօրվա հանդիպման ընթացքում տնօրենները նախարարին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին մեդալակիրների, ուսուցիչների որակյալ վերապատրաստման, ռուսաց դպրոցների ավագ դասարանների խնդիրներին:
«Ա1+»-ի հետ զրույցում թիվ 52 հիմնական դպրոցի տնօրեն Լյուբա Բլեյանն արտահայտեց իր մտահոգությունները: Նա առաջարկում է թեթեւացնել դասարանները, քանի որ դրանք այսօր բավականին խտացված են` ամեն դասարանում 30-32 աշակերտ է: Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա այս պահին դպրոցը 83 աշակերտ է ընդունել եւ ըստ էության` կկազմվեն 3 խտացված դասարան: Տնօրենի ասելով` ավագ դպրոցների կազմավորման պատճառով դպրոցում առաջացել են մի շարք խնդիրներ` կապված ուսուցիչների քանակի հետ: Նրա ղեկավարած դպրոցն այժմ ունի 600 աշակերտ եւ 47 ուսուցիչ: «Ավագ դպրոցի պատճառով միգուցե մեկ-երկու ուսուցիչ կրճատվեն, բայց աշխատում ենք այնպես անել, որ նրանց հարցերն էլ լուծենք` երկարօրյայով կամ խմբակների միջոցով: Այս հարցը դեռ հարցականի տակ է ու վերջնական չենք լուծել»,- ասաց տիկին Բլեյանը:
Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարվա նորամուծությանը` ուսուցչի երդման արարողությանը, ապա նախարար Աշոտյանի կարծիքով` երդում տալիս են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, նույնիսկ ՀՀ նախագահը. «Երդումն այն մարդկանց համար է, որոնք իրենց խոսքի արժեքը գիտեն: Մեր մանկավարժական կոլեկտիվում շատ շատերը երդում տալով եւս մեկ անգամ կվերահաստատեն, որ կրթությունը առաքելություն է: Գուցե տեքստի առումով խմբագրական առաջարկներ, փոփոխություններ լինեն»: Ուսուցիչներից մեկի կարծիքով էլ` եթե ամեն մարդ 100 տոկոսով այդ երդումը կատարի, ապա դպրոցում էլ ոչ մի թերություն չի լինի:
Իսկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երեւանում բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան, իսկ այսօր տնօրենները կստանան վերջին հանձնարարականները. «Քաղաքապետարանը պետք է հետեւողական լինի յուրաքանչյուր դպրոցի տնօրենի, ուսուցչի կարգապահության եւ մանկավարժական մակարդակի բարձրացման նկատմամբ»:

