Թեղուտի հարցով քննությունը հետաձգվեց

14:33 | Հուլիս 30, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վճռաբեկ դատարանում այսօր ընդամենը մի քանի րոպե տեւեց «Էկոդար» ՀԿ բողոքի քննությունն ընդդեմ Վարչական դատարանի: Բնապահպանական կազմակերպությունը վարչական դատարան էր դիմել, որ վերջինս անվավեր ճանաչի մի շարք պայմանագրեր, փաստաթղթեր, որոնց հիման վրա թույլատրվել էր շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Դատարանը հայցը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ կազմակերպությունը իրավունք չունի Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ հայց ներկայացնել:

Այդ իսկ պատճառով բողոքը ներկայացվել էր Վճռաբեկ դատարան:
Դատարանը նիստը հետաձգեց անորոշ ժամանակով` առանց որեւէ պատճառաբանություն ներկայացնելու: «Էկոդար» ՀԿ շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանից փորձեց ճշտել հետաձգման պատճառը, սակայն անօգուտ: Դատարանը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից:

«Վճռաբեկ դատարանը, ըստ էության, կայացրեց դատական ակտ հետաձգման վերաբերյալ` չպատճառաբանելով, թե ինչու, ինչը բնորոշ է մեր Վճռաբեկ դատարանի համար: Սա օրենքի սահմաններում չէ»,- «Ա1+»-ին ասաց Հայկ Ալումյանը: Ապա ավելացնելով, որ հետաձգումը պայմանավորում է մի քանի հանգամանքով, ասենք այն, որ դատարանը գործին ծանոթ չէր. «Սկզբից Վճռաբեկ դատարանը հայտարարեց, որ մինչեւ նիստը մանրամասն ուսումնասիրում է գործը, սակայն կողմերի անվանումների մեջ լուրջ սխալ թույլ տվեց: Օրինակ` «Էկոդարը» «էկադոր», «Արմենիան քափլ պրոգրամը» «Արմենիան քափլ պրոգրես», որից պարզ էր, որ գործը լավ չեն ուսումնասիրել»:

«Էկոդար» ՀԿ-ի ղեկավար Հրայր Սավզյանն էլ «Ա1+»-ին նշեց, որ հետաձգման հնարավոր պատճառներից մեկն էլ կարող է լինել երկու օր առաջ իրենց կողմից իրականացված ակցիան: Նա վստահեցրեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու. «Ամեն հնարավորն անելու ենք, որ թույլ չտանք: Արդեն շատ ենք թույլ տվել»:

 

Share |
Rambler's Top100