Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանն դատարանում իրենց մեղավոր չճանաչեցին: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր նրանց գործը:
Մեղադրյալ Սարգիս Գեւորգյանը դատավորի այն հարցին, թե արդյոք հասկանալի է իրեն առաջադրված մեղադրանքը, պատասխանեց. «Ոչ, ինձ համար ընկալելի չէ այն, որ Հայաստանում զանգվածային կամ ոչ զանգվածային միջոցառումներին մասնակցելը քրեորեն պատժելի է: Ես գտնում եմ, որ քրեական հետապնդումն ապօրինի է»:
Սարգիս Գեւորգյանին վրդովեցրել էր այն փաստը, որ մեղադրող Հարություն Հարությունյանն իր մեղադրական եզրակացության մեջ նշել է, որ ինքը եւ Դավիթ Քիրամիջյանը մասնակցել են օրենքով սահմանված կարգի խախտումով կազմակերպված հրապարակային զանգվածային միջոցառումներին եւ կատարել են բռնությամբ զուգորդված խուլիգանություն: Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները ձերբակալվել էին մայիսի 31-ին Ազատության հրապարակի հարակից տարածքում:
Դավիթ Քիրամիջյանի դատապաշտպան Մելանյա Առուստամյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրողին: Ըստ դատապաշտպանի` մինչ մեղադրական եզրակացություն հաստատելը, քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Հարություն Հարությունյանը պետք է ստուգեր որոշակի հանգամանքներ: Օրինակ` արդյո՞ք կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն, արդյոք ապացուցված է մեղադրյալներին ներկայացված մեղադրանքը եւ այլն: Ըստ պաշտպանի` այդ չի արվել: «Դատախազը չպետք է հաստատեր մեղադրական եզրակացությունը, պետք է գործի վարույթը կարճեր ու չուղարկեր դատարան»,- կարծում է Մելանյա Առուստամյանը:
Դատախազը համամիտ չէր պաշտպանի միջնորդության հետ. «Դատախազի կողմից դատարանում մեղադրանք պաշտպանելը դատախազին հայտնվող բացարկի համար բավարար հիմք չի կարող ծառայել»: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը:
Մելանյա Առուստամյանի կարծիքով` իր պաշտպանյալի արարքում չկա նրան մեղսագրվող արարքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ. «Այս քրեական գործը ոչնչով չի տարբերվում մյուս նմանատիպ գործերից: Մենք արդարադատության խնդիր ունենք, արդարացի դատաքննության իրավունքի պակաս ունենք: Յուրաքանչյուր գործից հետո ես այնպիսի ցավ եմ ապրում, որ մեր երկրում արդար դատաքննությունը վտանգված է:
Այս քրեական գործով 2 տուժողներից ներկա էր միայն ոստիկանության աշխատակից Արկադի Բաղդասարյանը: Վկաներից 3-ը եւ մյուս տուժողը բացակայում էին: Սա վրդովվեցրեց դատապաշտպանին:
Դատական նիստը նրանց բացակայության, ինչպես նաեւ` դատապաշտպանի զբաղվածության պատճառով հետաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը:

