Պարկուճը դրեցին կառույցի հիմքում

16:40 | Հուլիս 28, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի և իտալական ՙՌենկո՚ ընկերության համատեղ ներդրումային ծրագրով մայրաքաղաքում կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան հեծանվահրապարակ: Ծրագրի մեկնարկն այսօր ազդարարեցին Երևանի քաղաքապետն ու ՙՌենկո՚ ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը: Գագիկ Բեգլարյանն ու Ֆռանչեսկո Ջուստոտտին ստորագրեցին հռչակագիր սկիզբ դնելով Երևանում նոր հեծանվահրապարակի կառուցմանը:

ՙԵրևան քաղաքի համար կարևոր այս ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Իտալիայի հանրապետության ժողովուրդների բարեկամական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը ի բարօրություն հայ և իտալացի ժողովուրդների՚,- այսպիսի բովանդակությամբ ուղերձով պարկուճը Երևանի քաղաքապետն ու ՙՌենկո՚ ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը տեղադրեցին կառույցի հիմքում:

Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում կկառուցվի ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: Նոր հեծանվահրապարակը կունենա 250մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը կազմում է 7մ:

Ի դեպ, սա Երևանի քաղաքապետարանի և ՙՌենկո՚ ընկերության համատեղ ներդրումային ծրագրի երկրորդ փուլն է: Ծրագրի առաջին փուլով Ազատության հրապարակում կառուցվեց ստորգետնյա ժամանակակից ավտոկայանատեղի` նախատեսված 500 ավտոմեքենաների կայանաման համար:

Ծրագիրը ծավալուն է, իրականացվելու են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ՝ շուրջ 6 միլիարդ դրամի ներդրումային կապիտալով: Շինարարական աշխատանքների համար սահմանված է երկու տարի ժամկետ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100