Աշնանը պարզ կդառնա, թե երբ կսկսվեն մետրոյի երկու նոր կայարանների շինարարությունը:
Աջափնյակ համայնքում կկառուցվի նոր կայարան: Իսկ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում կառուցվելիքը կլինի պարզապես «Երիտասարդական» կայարանի նոր մուտք: Հիշեցնենք, որ այս ծրագիրը իրականացվելու է փոխգործակցության համաձայնագրով, որը Ասիական զարգացման բանկի հետ կնքել են Երևանի քաղաքապետը եւ Էկոնոմիկայի նախարարը:
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը «Ա1+»-ին հայտնեց, որ քննարկումները կավարտվեն աշնանը, և ծրագիրը կիրականացվի առաջիկա 4-5 տարում:
Իսկ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: Այն իրականացնելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր է կնքվել 2010 թ. մարտին: Վարկային ծրագիրը մոտ 5 մլն եվրո է նախատեսում մետրոպոլիտենի վերակառուցման համար:
Այժմ եվրոպական բանկի համապատասխան կառույցների խորհրդատուները Հայաստանում են և աշխատում են հայ մասնագետների հետ: Ըստ պարոն Յայլոյանի` վերակառուցման ծրագիրն ամբողջովին կիրականացվի երեք տարում:
Ի դեպ, ամառվա ամիսներին մետրոյից օգտվողների թիվը օրական հասնում է
միջինը 60 հազարի:
«Ինձնից շատ մետրոյից օգտվող դժվար թե լինի: Օրական մոտ 6 անգամ գնում, գալիս եմ գործով: Շատ հարմար տրանսպորտ է»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«4 օր է` այստեղ եմ, Խարկովից եմ եկել: Այսօր արդեն 3-4 անգամ մտել եմ մետրո: Հով է, հանգիստ ու մաքուր, միայն վագոններն են քիչ Խարկովի համեմատ»,- «Ա1+»-ին հայտնեց մեկ այլ ուղեւոր:
Ըստ Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի` վագոնները նորմալ վիճակում են, ամենօրյա տեխզննում է կատարվում: Եւ ընդհանրապես, ըստ նրա, վերջին երկու տարիների ընթացքում 7-8 տոկոսով ավելացել է մետրոյի ուղեւորների թիվը: Նախորդ տարի Երեւանի մետրոպոլիտենը սպասարկել է 18 մլն մարդու:

