Պահանջում են ծառայողական քննություն

16:45 | Հուլիս 27, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի խումբ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ բաց նամակ են հղել ՀՀ Կրթության և գիտության նախարարին:

«11-րդ հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է տարակուսանք առաջացնել: Հուլիսի սկզբին նախկին տնօրեն Մ. Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան պաշտոնում վերականգնվելու հայցով: Դպրոցում շարունակում են աշխատել մարդիկ, որոնք ըստ աշակերտների ցուցմունքների մասնակից են եղել աշակերտների նկատմամբ տարաբնույթ բռնություններին կամ տեղեկացված են եղել դրանց մասին, սակայն հանցավոր անտարբերություն են ցուցաբերել: Լևոն Ավագյանի գործը վարող Երեւան քաղաքի դատախազության քննիչ Կարեն Բատիկյանի խոսքերից բխում է, որ դպրոցի տնօրենի այժմյա պաշտոնակատար Լիլիթ Բերբերյանը նույպես մասնակցել է փաստերի կոծկման գործին:


Աշխատանքային անձնակազմի որոշ անդամներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, որոնք տարօրինակ են հնչում կատարված ծանր հանցագործությունների ֆոնի վրա: Դրանից ելնելով՝ խիստ մտահոգություն է առաջացնում դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Իրավիճակը շտկելու համար, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝


• Ծառայողական քննություն անցկացնել դպրոցում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ
• Ուսումնասիրություն կատարել անձնակազմի մասնագիտական կարողությունների և ունակությունների վերաբերյալ


• Կատարել քննություն դպրոցում ընտանեկան և բարեկամական կապերի արդյունքում շահերի բախման խնդիրների շուրջ և կատարել համապատասխան կադրային փոփոխություններ»,-ասված է նամակում, որը ստորագրել են.


Արտակ Կիրակոսյան
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Վերոնիկա Մելիքյան
Ընդեմ իրավական կամայականության հիմնադրամ

Մարիամ Սուխուդյան
ՀՀ քաղաքացի

Սոֆիկ Մինասյան
ՀՀ քաղաքացի

Աիդա Գևորգյան
ՀՀ քաղաքացի

Գուրամ Մաթիաշվիլի
ՀՀ քաղաքացի

 

Share |
Արխիվ
Rambler's Top100