Նախկին ոստիկանապետին բերման կենթարկե՞ն

14:51 | Հուլիս 27, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարությունը:

Այսօր դատարանը պետք է լսեր գործով վկա, Չարենցավանի նախկին ոստիկանապետ Նորայր Հեբոյանին:

Վերջինս չէր ներկայացել դատական նիստին եւ տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի:

Նա խնդրել էր հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Թե տուժող, թե մեղադրող կողմը, ինչպես նաեւ ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները միջնորդեցին ապահովել Նորայր Հեբոյանի ներկայությունը դատական նիստին:

Դատավորը որոշեց կրկին անգամ հրավիրել Նորայր Հեբոյանին, իսկ չներկայանալու դեպքում` բերման ենթարկել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 18-ին:

Ի դեպ, այսօրվա դատական նիստից հետո վիճաբանություն եւ քաշքշուկ տեղի ունեցավ ամբաստանյալների եւ Վահան Խալաֆյանի հարազատների միջեւ: Հնչեցին փոխադարձ անեծքներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը ոստիկանություն է տարվել գողության կասկածանքով, սակայն այնտեղից դուրս է բերվել նրա դին: Խալաֆյանի սպանության գործով որպես ամբաստանյալ անցնում են 4 ոստիկան` Աշոտ Հարությունյանը, Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

Share |
Արխիվ
Rambler's Top100