Մի խումբ քաղաքացիներ պնդում են, որ թռչող ափսե են տեսել Երեւանում եւ Ապարանում:
«Մի կետ էր, ոչ մի բանի նման չէր եւ շարժվում էր»,-պատմում է ականատես Աշոտը:
Նա Վրաստան մեկնելիս է եղել, երբ ճանապարհին Ապարանի հատվածում միկրոավտոբուսը կանգնել է, մարդիկ իջել են եւ հետեւել մի կետի,որը ըստ նրանց` սովորական աստղ չէր:
«Youtube» կայքում էլ հայտնվել են «թռչող օբյեկտի» կադրեր, որոնք նկարահանողը` Վահանյան ազգանունով, ասում է, թե դրանք արվել են Երեւանում:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանը ուսումնասիրել է այդ կադրերը եւ կարծում է, որ դրանցից եզրակացություն անել հնարավոր չէ, քանի որ վատ որակի նկարահանումներ են. «Դա լուսավոր կետերի մի բազմություն է, որոնց մեջ մի կետ շարժվում է: Ի՞նչ է այդ կետը, կադրերի հիման վրա հնարավոր չէ եզրակացություն անել: Նկարողը կամ այն ապարատը, որով արված է, անընդհատ շարժման մեջ է գտնվում»:
Հայկ Հարությունյանը չի բացառում երկնային այլ քաղաքակրթության գոյությունը, սակայն վստահ չէ, որ նրանք այցելել են Երկիր մոլորակ: Ինչ վերաբերվում է նկարահանված կադրերում երեւացող շարժվող օբյեկտին, ապա նրա կարծիքով` կամ արբանյակ է, կամ ինքնաթիռ, կամ երկրագնդով շարժվող ինչ որ բան:
Իսկ ժամանակ առ ժամանակ դրանց մասին շրջանառվող խոսակցությունները աստղաֆիզիկոսը համարում է մեր կամ այլ պետություններում առաջացած խնդիրներից մարդկանց շեղելու փորձ: Կամ սովորական մարդու հայտնի դառնալու ցանկություն. «մարդը ինչ որ անհայտ բաներ է նկարում հայտնի դառնալու համար»:

