«Թեստերը գլուխկոտրուկներ են»

16:51 | Հունիս 07, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց լեզու եւ գրականություն առարկաների մասնագետները վստահ են, որ միասնական քննությունների թեստերը այնպես են կազմվել, որ երեխաները ձախողվեն:

Այսօր «Հայելի» ակումբում վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը, հետազոտող ուսուցչուհի Սուսաննա Աբազյանը եւ գրականագետ Դավիթ Գասպարյանը օրինակներով ապացուցեցին իրենց խոսքերը: Նախ նրանք անդրադարձան հունիսի 4-ին` հայոց լեզու եւ գրականություն միասնական քննության ավարտից հետո դիմորդի ինքնասպանությանը:

«Սա ոչ մեկին հանգիստ չպետք է թողնի: Փաստը պետք է ծանրանա, որովհետեւ երեխան հույս է ունեցել, որ կընդունվի պետպատվերով, իսկ հիմա վճարովի էլ չի ընդունվել, կտրվել է,- ասաց Բեատրիչե Ստեփանյանը,-Ինչո՞ւ է լավ երեխան, պարապող երեխան ստանում 7 միավոր, սա արդեն խոսում է թեստերի այն մակարդակի մասին, որ անկում է ապրել»:

«Այսպիսի ցնցումների են ենթարկվում երեխաները, ծնողները: Մի արցունքի կաթիլ չարժե այս ամենը, էլ ուր մնաց, որ երեխա է ինքնասպանություն գործել: Այս ինչ արդյունքներ են: Այն երեխաները, որ բարձր էին ստանալու, ընդամենը 15 են ստանում»,- շարունակեց Դավիթ Գասպարյանը:

Մասնագետները հայերենի նման թեստերում վտանգ են տեսնում: Ըստ գրականագետի` մայրենիից մարդիկ ստանում են միջին ու ցածր, անգլերենից բարձր եւ վաղը կհիմնավորեն, որ ժամանակն է անցնել օտարալեզու դպրոցների. «Խայտառակ բան է, ոնց հայ երեխան ծնված օրվանից հայերեն է սովորում ու այնքան ցածր: Սա շատ ծանր հարված է հայրենի լեզվին եւ գրականությանը»:

Ըստ նրանց` մեծ խզում կա դասագրքի եւ թեստերի միջեւ: Նրանց հավաստմամբ` 2007թ. մինչեւ հիմա ուղեցույցը մնացել է նույնը, բայց թեստերը նույնը չեն եւ գնալով դառնում են անլուծելի: :

«Երեխայի ուժերից վեր է, հերիք չի, ցանկացած բանասերի ուժերից էլ է վեր: Ես չեմ գտնի մի բանասեր, որ «մայր» ասելիս` հիշի նրա այն համանունը, որ նշանակում է խավարմտություն: Խավարածինները սա կարող են ասել: Հայ երեխան «մայր»-ի համանունը չպիտի փնտրի մթության մեջ»,- ասաց Բեատրիչե Ստեփանյանը:

Լեզվաբան Սուսաննա Աբազյանին էլ զարմացրել է թեստերում «խորդ» բառը. «Երեխան ինչո՞ւ պետք է իմանա, որ կռունկը խորդն է, որեւէ գեղարվեստական գրականության մեջ երեխան հանդիպե՞լ է կռունկ խորդ տարբերակին: Բժշկական, տնտեսագիտական, ճարտարագիտական ընդունվող դիմորդի ինչի՞ն է պետք է իմանալ կամ ոսկեմանը, կամ դյարը»:

Դավիթ Գասպարյանն էլ կարծում է, որ գրականությունը ընդհանրապես պետք է բանավոր քննել. «Հարցերը վերածվել են գլուխկոտրուկի: Հատված է բերվում Խորենացուց եւ հարց այսպիսին է` ում ի նկատի ունի: Այստեղ Տիգրանին նկատի ունի, բայց այն բնութագրական հատվածը չէ, որ երեխաները ավելի լավ գիտեն»:

Նշենք, որ այս տարվա թեստերի հեղինակները ԵՊՀ դասախոսներ Փառանձեմ Մեյթիխանյանն ու Աշխեն Ջրբաշյանն են: Վերջիններս ակումբի վարողի հրավերը չեն ընդունել, ասելով, թե ասուլիս կտան ավելի ուշ, երբ կհասկանան, թե ինչ է կատարվում:

 

Share |
Rambler's Top100