«Այդ ոստիկանը իր տեղում չէ»

22:00 | Հունիս 04, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը պետք է հրաժարվի իր այն աշխատակցից, ով ցուցմունք է տվել, թե 23-ամյա լրագրողն իր նկատմամբ բռնություն է կիրառել: Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Այդ նշանակում է, որ նա իր տեղում չէ: Եթե դու չես կարող կանխարգելել քո նկատմամբ աղջկա կողմից բռնությունը, ապա վաղը` սպանության կամ զենքի կիրառման ժամանակ, ի՞նչ ես անելու, փախչելո՞ւ ես, մտնե՞ս ծակը»,-ասում է իրավապաշտպանը:

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանը չնայած 72 ժամյա ձերբակալությունից հետո ստորագրությամբ ազատ արձակվեց, սակայն նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Արթուր Սաքունցն ենթադրել է, որ նրան մեղադրանք կառաջադրվի. «Չ՞է որ ինչ-որ ձեւով ոստիկանները պետք է արդարացնեին իրենց գործողությունները»: Նա համարում է, որ պատահական չի ձերբակալվել հենց «Հայկական ժամանակ» թերթի աշխատակիցը: Չնայած թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ է, սակայն. «Խմբագրին նստացրել են, բայց, իշխանության գնահատմամբ, էլի հանգիստ չի մնում, թերթի մոտեցումները չեն փոխվել»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար անսպասելի է եղել լրագրողի ձերբակալությունը: Ըստ նրա, եթե իշխանությունները խելացի լինեին, ապա նրան չպետք է ձերբակալեին:

« Այն տենդենցն է, որ կամաց-կամաց մեր պետությունն ավելի է ամրագրում իր տոտալիտար համակարգը, եւ սա դրա դրսեւորումներից է»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Նա, հիշեցնենք, Անիին հանդիպել է ոստիկանության Կենտրոնի բաժնում եւ վստահեցնում էր, որ բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Բնականաբար շատ կուզեմ, որ լրագրողը մեղավոր չլինի եւ մեր երկրում որեւէ մեկի ազատությունները չսահմանափակվեն` ոչ լրագրողի, ոչ քաղաքացու, եւ ոչ էլ ոստիկանություն օրինական գործողությունները խոչընդոտվեն քաղաքացիների կողմից»,-ասում է ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Նա այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ` սպասելով իրավապահ մարմինների գնահատականներին: «Իմ կարծիքը շատ հստակ է, ես դեմ եմ օրենքի ցանկացած , նամանավանդ խոսքի ազատության ոտնահարման: Իմ կոլեգաները խոսել են ոստիկանապետի հետ, ասել է` պիտի ներկայացնի փաստեր, սպասենք այդ փաստերին»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100