Սարք` էմոցիաները կառավարելու համար

12:58 | Ապրիլ 20, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանափակ կարողություններով մարդիկ, ովքեր չեն կարողանում խոսել եւ շարժվել ընդհանրապես, կարող են հաղորդակցվել` շնորհիվ համակարգչային նոր սարքի:

«Մարդու ուղեղը կարող է գրել` մտքի ու աչքերի միջոցով»,- «Ա1+»-ին ասաց այս գյուտի հեղինակ` Լուվենի համալսարանի Նեյրոֆիզիոլոգիայի բաժնի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլլը:

«Գլխի վրա հագցրված դետեկտորները համակարգչային սիստեմի միջոցով հնարավոր են դաձնում մտքում հատ-հատ տառերով արտասանված բառը աչքերի միջոցով 20 վայրկյանի ընթացքում գրել էկրանին»,-նշում է գիտնականը եւ ավելացնում, որ այսօր աշխատանքներ են տարվում համակարգը դիստանցիոն դարձնելու համար:

Պրոֆեսորը կարծում է, որ այս գյուտը բացի կարեւոր հայտնագործություն լինելուց մեծ շրջադարձ կմտցնի բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր ունեն գիտակցություն, սակայն անկարող են արտահայտվել:

Գյուտը բոլորովին վերջերս արժանացել է գիտության ոլորտում բելգիական թագավորի սահմանած առաջին մրցանակին:

Ի դեպ, ներկայումս նեյրոֆիզիոլոգ Մարկ Վան Հյուլլը աշխատում է մեկ այլ սարքի` մարդու էմոցիաները կառավարելու համակարգի ստեղծման վրա:

«Կարելի է պատկերացնել իմ այս մտահղացման հաջողության դեպքում ինչ արմատական փոփոխություններ կարող են լինել մարդկության կյանքում: Դրանով հնարավոր կդառնա ղեկավարել մարդուն` կառավարելով վերջինիս էմոցիաները»,- ասում է նա:

Փորձարկումների համար գիտնականը դիմել է ջութակի օգնությանը, որն առավելագույնս է կարողանում ապահովել ցածր եւ բարձր մեղեդային անցումներով ռեակցիաներ: Իսկ այս հարցում նրան օգնում է Բրյուսելում հայտնի հայազգի ջութակահար Տիգրան Մայթեսյանը:

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100