Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ այս իրադարձությունը կնշվի Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով:
Տոնական միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել է կառավարական և թեմական համատեղ հանձնաժողով` ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի նախագահությամբ:
Հուլիսի 11-ին` Վարդավառի տոնին, Պարգև Սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Ս. Պատարագ: Տոնական միջոցառումներին նախատեսվում է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ներգրավումը:
Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ.` Արցախի Ներքին Խաչեն գավառի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կողմից: Եկեղեցու բացումը կատարվել է 1240 թ. հուլիսի 22-ին` Վարդավառի տոնի օրը:

