Արշակունյաց 252 հասցեում գտնվող «Տաքսի 1» ԲԲԸ-ի աշխատողների առջեւ այսօր չէին բացվել իրենց ընկերության դարպասները: Դա տնօրեն Դավիթ Ղազարյանի հրամանն էր:
Ընկերության շուրջ 30 աշխատակից այսօր վրդովված եկել էր ՀՀ Կառավարության շենքի մոտ` բողոք-դիմում հանձնելու վարչապետին:
Նրանք նաեւ այսօր տեղեկացել էին, որ այլեւս գործազուրկ են, եւ նրանց պայմանագրերը մարտի 1-ից կասեցվել են, իսկ նոր պայմանագրեր ստորագրելու համար տնօրենը 3 պայման է դրել:
«Մեր տնօրեն Դավիթ Ղազարյանն ասում է, որ կամ չեք աշխատելու ընդհանրապես, կամ պետք է կատարեք իմ պահանջները: Այն է`մեզ պատկանող բաժնետոմսերը պետք է տանք նրան, մեր ամսեկան պլանը, որը կազմում է 48 հազար դրամ, 30 տոկոսով բարձրանալու է, եւ 3-րդ պայմանը` 1 տարով կնքված պայմանագրի կետերը չկատարելու դեպքում վճարել ամբողջ տարվա պլանային վճարները»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Տաքսի 1» ԲԲԸ-ի ավտոէլեկտրիկներից Անդրանիկ Բաբայանը, որը 1963թ.-ից աշխատում է այստեղ:
Կառավարության մոտ բողոքի ակցիայի դուրս եկած աշխատակիցները վստահեցնում էին, որ իրենց տնօրենն ընդամենն ունի ընկերության 20 տոկոս բաժնետոմսերը, մնացած իրենց է պատկանում, սակայն. «Մեր տնօրենն ասում է` ում ուզում եք բողոքեք, ես եմ որ կամ` ես տեր եմ, ես ամեն ինչ էլ կարող եմ անել, ես միապետ եմ»:
«Տաքսի 1» ԲԲԸ-ի աշխատակիցները նաեւ պատմեցին, որ այսպես վարվելով` տնօրեն Դավիթ Ղազարյանի նպատակն է` փակել մեքենաներ տեխսպասարկող իրենց հիմնարկը եւ բացել նոր` մրգերի վերամշակման ձեռնարկություն:
Բացի ՀՀ Կառավարությունից, նրանք մտադիր են դիմում-նամակներ փոխանցել նաեւ Ազգային ժողով, ՀՀ Գլխավոր Դատախազություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահին: Վաղը նրանք որոշել են նորից գալ ՀՀ Կառավարության շենքի մոտ` ստանալու իրենց դիմումի պատասխանը: «Տաքսի 1» ԲԲԸ-ի տնօրենից պարզաբանումներ ստանալ մեզ այսօր չհաջողվեց:

