Երեկ Թուրքիայում տեղի ունեցած 6.2 բալանոց ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 57-ի, վիրավորներինը` 70-ի:
Երկրաշարժը տեղի է ունեցել Արեւելյան Անատոլիայի Էլազիգ շրջանում: Ստորգետնյա ցնցումները տեւել են մեկ րոպե, եւ այդ ընթացում` էպիկենտրոնում միանգամից 6 գյուղ վերածվել է ավերակների:
Երկրաշարժը տեղի է ունեցել գիշերով եւ շատերին չի հաջողվել տանից դուրս փախչել: Երկրաշարժին հաջորդել են 5-5.3 բալ ուժգնությամբ մոտ 50 ստորգետնյա ցնցումներ:
Ներկայումս աղետի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ էրդողանը խոստացել է հնարավորինս արագ վերականգնել ավիրված բնակավայրերը: Աղետալի երկրաշարժի առիթով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ցավակցական նամակներ են հղել մի շարք երկրների նախագահներ: ՀՀ արտգործնախարարությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ Էլզագում տեղի ունեցած երկրաշարժից հայեր չեն տուժել:
Վերջին ամենաուժեղ երկրաշարժը Թուրքիայում արձանագրվել է 1999 թվականի օգոստոսին եւ նոյեմբերին: Այն ժամանակ 8 բալանոց երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 18 հազար մարդ:

