Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը` TRT-ն, դրամական փոխհատուցում կվճարի Հրանտ Դինքի ընտանիքին` «Ակոս»-ի նախկին խմբագրապետի մասին կեղծիք պարունակող տեղեկություններ տարածելու համար: Դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը:
2008 թ դեկտեմբերին թուրքական հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվել է «Շահերի լաբիրինթոս» կոչվող հաղորդաշարի հերթական թողարկումը:
Այն նվիրված էր 1978 թ Մարաշի իրադարձություններին, երբ ալեւիների եւ սուննի մահմեդականների միջեւ տեղի ունեցած կատաղի բախումներին զոհ գնաց ավելի քան 100 մարդ:
Հաղորդման հյուրերից մեկը` Մարաշից ընտրված ազգայնական պատգամավոր, պրոֆեսոր Օքեշ Շանդիլերը եթերում հայտարարել է, թե արյունալի բախումները հրահրվել էին ձախակողմյան երիտասարդ գործիչների, այդ թվում Հրանտ Դինքի կողմից:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` դատարանը որոշել է, որ Շանդիլերը, TRT-ն եւ այն ընկերությունը, որը անմիջականորեն պատրաստել էր հաղորդաշարը, պետք է 20 հազար թուրքական լիրա (շուրջ 13 հազար դոլար) վճարեն Դինքի ընտանիքին:
Այս գումարը Դինքի ընտանիքը փոխանցելու է «Հրանտ Դինք» միջազգային հիմանդրամին:

