Առավոտյան ժամը 9.00-ի դրությամբ հանրապետության ճանապարհների մեծ մասը պատված էր սառույցով եւ ձյուն էր տեղում: Այդ մասին տեղեկացնում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Կապանում, Գավառում, Մարտունիում, Ապարանում եւ Ծավում տեղումներ է ձյան տեսքով, քամի է Մեղրում եւ Ստեփանավանում, իսկ Վայք- Սիսիան ճանապարհին բուք է:
Առավոտյան մերկասառույցով են պատված եղել Արարատ- Եղեգնաձոր, Կապան- Գորիս, Գորիս- Սիսիան, Թալին- Մարալիկ, Մարալիկ- Գյումրի, Արթիկ- Արագած, Մարտունի- Վարդենիս, Սեւան- Դիլիջան, Դիլիջան- Իջեւան ճանապարհները:
Իսկ Գյուղատնտեսության նախարարությունից «Ա1+»-ին էլ տեղեկացրին, որ վաղը արդեն պարզ կլինի, թե ցածր ջերմաստիճանը ի՞նչ վնասներ է հասցրել ծառերին: Դեռ մարզերից տվյալներ են հավաքագրվում եւ ամփոփվում են ցրտահարության վերաբերյալ արդյունքները:
ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ»-ի Օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ասաց, որ առաջիկա գիշերը ջերմաստիճանի ցածր ֆոնը կպահպանվի:
Մարտի 20-ի գիշերը ջերմաստիճանը կտատանվի- 5-ից -7, իսկ 21-ի գիշերը -2-ից -3 աստիճան ցրտի սահմաններում:
Նշենք, որ գյուղատնտեսներին խորհուրդ էր տրվել ծխահարել ծաղկած այգիները:

