Ֆինանսապես ազդեցիկ չլինելու «օգուտը»

13:26 | Մարտ 18, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական ճգնաժամի արդյունքում տեղական եւ ռեգիոնալ իշխանություները Եվրոպայում հայտնվել են մի վիճակում, երբ արդեն կասկածի տակ է նրանց ապագան: Ի տարբերություն եվրոպական երկրների` տնտեսական ճգնաժամը Հարավային Կովկասի երկրների ՏԻՄ-երին գրպանին այդպես ուժգին չի հարվածել մի քանի պատճառով:

Ըստ ԵԽ Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանի` Ադրբեջանի վրա չի ազդել, քանի որ «ինքնակառավարումն այնտեղ զրոյի մոտ է, եւ շատ քիչ գումար է հատկացվում այդ ոլորտին, ուստի ազդեցություն չի կարող լինել» : Վրաստանում էլ, նրա խոսքերով, համայնքների խոշորացում է եղել, բացի այդ այնտեղ ոլորտին հատկացվող գումարները շատ մեծ են:

Իսկ Հայաստանում տեղական ինքնակառավարման իշխանությունների «բախտը» բերել է մի քանի պատճառով, ընդ որում «օգնել» է նաեւ այն, որ մեզ մոտ տեղական իշխանությունների հիմնական գործառույթները սահմանափակվում են վարչարարությամբ:

Բացի այդ, ՏԻՄ ոլորտը կարգավորող օրենքը սահմանում է, որ պետական դոտացիան` համայնքներին տրվող ընդհանուր գումարը, նախորդ տարվա բյուջեից չորս տոկոսից պակաս չպետք է լինի : «Քանի որ նախորդ տարվա պետբյուջեով հատկացումները շատ ավելի մեծ էին, ապա տեղական իշխանությունների բյուջեն շահեց դոտացիայի շնորհիվ »,-ասաց պարոն Երիցյանը: Տեղական իշխանությունները կարող էին «նեղվել», եթե քաղաքացիները սկսեին վատ վճարել հարկերը: Սակայն այդ եւս իր ազդեցությունը չի ունեցել,քանի որ ըստ Երիցյանի, մեզ մոտ տեղական տուրքերը «այն ծավալի ու այն տեսակի չեն, ինչպես Եվրոպայում»: (Հիշեցնենք, որ տեղական հիմնական հարկատեսակներից մեկը` գույքահարկը, չի գանձվում, երբ անշարժ գույքի արժեքը չի գերազանցում 3 մլն դրամը):

Մի հանգամանք բոլոր դեպքերում ազդել է. այդ կառավարության կողմից շինարարական, հատկապես ճանապարհաշինության ծախսերի կրճատումն է:
«Համայնքները շատ չեն տուժել, բայց դա ժամանակի խնդիր է»,- այնուամենայնիվ ավելացնում է Էմին Երիցյանը:

Կոնգրեսում հայաստանյան պատվիրակության անդամ, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ճիշտ չի համարում ճգնաժամի պայմաններում հարկային բեռի ավելացումը: «Ոչ թե լրացուցիչ բեռ պետք է դնել քաղաքացիների վրա, այլ պետք է արդյունավետ հավաքագրում իրականացնել»,-ասում է Իջեւանի քաղաքապետը: Նա վստահեցնում է, թե Իջեւանում` գերմանական GTZ կազմակերպության հետ համագործակցությամբ իրենք կարողացել են ժամանակին չվճարված հարկերը բերել համայնքային բյուջե: Արդյունքում, ըստ նրա, համայնքային բյուջեն ավելացել է 12 տոկոսով: Նա պնդում է, որ չնայած ճգնաժամ է, սակայն իջեւանցիները վճարում են հարկերը` ընդ որում առանց դատարանի միջամտության: Ըստ Վարուժան Ներսիսյանի` քաղաքացիները հասկացել են, որ եթե չվճարեն տեղական տուրքերը, հետագայում դժվարություններ կունենան տարբեր գործարքներ կատարելիս:

 Կարինե Ասատրյան

Ստրասբուրգ

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100