Այսօր որոշ բենզալցակայաններում բենզինի գինը աճել է եւս 10 դրամով: Այսինքն` ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արժի ոչ թե 380, այլ 390 դրամ, իսկ պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը 400-ից դարձել է 410 դրամ:
«Միկա» ընկերության PR մենեջեր Անահիտ Այվազյանը թանկացումների պատճառների մասին խոսելով` ասաց, որ այն միջազգային գներով է պայմանավորված: «Դոլարի հետ կապ չունի, միջազգային գները 10 տոկոսով բարձրացել են, իսկ մեզ մոտ 3 տոկոս է բարձրացել: Նոր թանկացումներ կլինեն, թե ոչ, դժվարանում եմ ասել»,- ասաց նա:
«Մաքսհուր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ իրենք դեռ չեն թանկացրել, սակայն դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով սկսել են վնասով աշխատել եւ չի բացառվում, որ թանկացնեն:
«Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն էլ ասաց, որ իրենք այսօր բենզինի գները չեն բարձրացրել, սակայն նախորդ շաբաթվա բարձրացումները պայմանավորեց միջազգային գների եւ դոլարի բարձրացմամբ:
«Կողմնակից չենք թանկացման, սակայն երբ տեսնենք, որ այլընտրանք չկա, նորից ենք թանկացնելու: Քանի որ դոլարը թանկանում է, մենք էլ ստիպված թանկացնելու ենք մեր ապրանքը»,- ասաց նա:
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը բենզինի գնի օրեցօր թանկացումների վերաբերյալ «Ա1+»-ին ասաց, թե իրենք մոնիթորինգ են իրականացնում եւ կհրապարակեն արդյունքները, երբ ամփոփեն:

