Պատգամավորի մեքենան վրաերթ է կատարել

13:48 | Մարտ 18, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
մեքենան գրեթե չի վնասվել?
մեքենան գրեթե չի վնասվել?

Մարտի 17 -ին, ժամը 20.40 -ին,1969 թ. ծնված Խաչիկ Ա.-ն վարելով իրեն ամրակցված «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենան` Երևանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արտյոմ Հայկյանին, որը տեղում մահացել է:
«Շեւրոլե»-ն պատկանում է «Արփա Սեւան» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

Հակոբ Հակոբյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ինքը մեքենայի մեջ չի եղել, իսկ «Արփա Սեւանի» աշխատակիցը, «Շեւրոլե»-ի վարորդը, իրեն մանրամասն պատմել է եղելությունը: Նրա ներկայացմամբ, քաղաքացուն հարվածել է մեծ արագությամբ ընթացող մի «Ջիպ», որի արդյունքում նա հայտնվել է «Շեւրոլեի» անիվների տակ:

Դեպքից անմիջապես 5 րոպե հետո ժամանած ոստիկանությունը Հակոբյանի վարորդին տարել է նարկոլոգիական հետազոտման եւ պարզվել է, որ վարորդը խմած չէ: Նա անգամ, ըստ Հակոբյանի, սահմանված արագությունը չի գերազանցել:

Ըստ Հակոբյանի, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են քաղաքացուն իրականում վրաերթի ենթարկած ավտոմեքենայի կոտրված ապակիները, իսկ վրաերթի ենթարկված Արտյոմ Հայկյանի հագուստին` Ջիպի ներկի հետքերը:

Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ, իրենց մեքենան գրեթե չի վնասվել, իսկ այդպիսի հարվածից, որը մահվան պատճառ է դարձել, չէր կարող ավտոմեքենան մնալ անվնաս:

Ոստիկանության կայքէջում տեղադրված ամփոփագրում որեւէ տեղեկատվություն ջիպի մասին չկա: Մեզ հետ զրույցում էլ լրատվական բաժնի պատասխանատուները վստահեցրին, որ իրենց ուղարկված ինֆորմացիայի մեջ որեւէ ակնարկ ջիպի մասին չի եղել: Իսկ մնացածը կպարզի քննությունը:

«Շեւրոլե»-ի վարորդը` արդեն հարցաքննվել է: Նա չի կալանավորվել, ազատության մեջ է:

Լուսանկարները` Գ.Շամշյանի

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100