«Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութի օտարման վարույթը պետք է կարճվի: Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց «Օլիմպ»-ի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով` խանութի բանալիները եւ առգրավված գույքը պետք է վերադարձվեն, քանի որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ընդունել է «Օլիմպ»-ի սեփականատեր Լուսիկ Մրյանի բողոքը,ով մինչ այդ, գործում որպես մասնակից ընդգրկված չէր:
Այս հանգամանքը, ըստ պաշտպանի` նշանակում է` քանի դեռ չկա Վերքաննիչ դատարանի վճիռը, «Միլանո»-ն կարող է հանգիստ շարունակել իր գործունեությունը:
Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութը պատկանում է «Օլիմպ» ԱԿ-ին եւ ունի 3 սեփականատեր:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ` «Միլանո» խանութի տարածքը ճանաչվել է իրացման գոտի, եւ այն ձեռք է բերել «Ավո» ՍՊԸ-ն: «Միլանո»-ի նոր սեփականատերը պատրաստվում է խանութի տեղում էլիտար շենք կառուցել: «Միլանո» խանութի վտարման գործընթացը սկսվել էր մարտի 10-ից:
Այդ օրվանից սկսած խանութը հաճախորդների համար փակ է, եւ սեփականատերը նշում է, որ իրենց բիզնեսը տուժում է, առեւտուր չանելու պատճառով:
Նշենք, որ այսօրվա ասուլիսի սկզբում մարդիկ հավաքվեցին Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո»-յի փակ դռների մոտ, այնուհետեւ դատարկ խանութը հսկող ոստիկանը բացեց դուռը եւ ասուլիսը անցկացվեց խանութում, որտեղ մի քանի աթոռ եւ երկու փոքրիկ սեղան էին մնացել:

